Ըմբշամարտ. Ռոման Ամոյանը, հաղթելով հարևան երկրների ներկայացուցիչներին, դառնում է Եվրոպայի չեմպիոն

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը տպավորիչ ելույթ ունեցավ և նվաճեց ոսկե մեդալ:


55 կգ քաշային կարգում հանդես եկող 27-ամյա հայազգի ըմբիշը կիսաեզրափակչում համոզիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող Էլդանիզ Ազիզլիի նկատմամբ:

Շաբաթ ավելի ուշ եզրափակչում Ամոյանը 10:0 հաղթել է մեկ այլ ադրբեջանցի ըմբիշի, որը ներկայացնում էր Ուկրաինան:

Ամոյանն իր մարզական կարիերայում արդեն երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հունահռոմեական մարզաձևի առաջնությունում Հայաստանն այլ հաջողություններ ևս ունեցավ. Արթուր Ալեքսանյանը (96 կգ) նվաճեց արծաթե, Արթուր Շահինյանը (84 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ)` բրոնզե մեդալներ:

Ընթացիկ առաջնության արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի (FILA) պաշտոնական կայքում` www.fila-wrestling.com