Ըմբշամարտ. Հայաստանի նախկին չեմպիոնը ընտրվում է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի հաղթող և աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը ընդունել է առաջարկը և ընտրվել Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է PanArmenian.net-ը` վկայակոչելով նախկին մարզիկի խոսքը:

«Ինձ դեռ մի քանի տարի առաջ էին առաջարկել գլխավորել հավաքականը, բայց ես հրաժարվել էի: Փաստորեն ինձանից մոտ 5 տարի պահանջվեց համաձայնվելու համար, ես չեմ կարող ապրել առանց ըմբշամարտի և շատ ուրախ եմ, որ մարզիկների հետ շփվելու հնարավորություն ունեմ»,- ասել է 1997-ից Բուլղարիայի քաղաքացի Նազարյանը հայաստանյան կայքին:

38-ամյա Նազարյանը 1996 թ. ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ոսկե մեդալակիրն է:

Նազարյանի գլխավորությամբ առաջին հավաքը բուլղարացի ըմբիշները կանցկացնեն նոյեմբերի 26-ին` նախապատրաստվելու 2013-ին Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Նախկին ըմբիշը նախատեսում է նաև համատեղ հավաքներ անցկացնել Հայաստանում և Բուլղարիայում: