Ըմբշամարտ. Հայաստանի հավաքականի մարզիչն ասում է, որ աշխարհի առաջնության բոլոր մեդալակիրներն արժանի էին ոսկու

Հունգարիայի մայրաքաղաքից հաղթական մեդալներով հայրենիք վերադարձած հայ մարզիկներն ըմբշամարտի ազատ և հունահռոմեական ոճերի աշխարհի առաջնության ավարտից օրեր անց արդեն սառը գլխով դատում են կատարած աշխատանքն ու ամփոփում արդյունքները:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցյալ շաբաթ անցկացված առաջնության ժամանակ Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճեց մեկ ոսկե մեդալ` Դավիթ Սաֆարյան (66 կգ), իսկ հունահռոմեական ոճի հավաքականի ըմբիշները նվաճեցին մեկ արծաթե մեդալ` Արթուր Ալեքսանյան (96 կգ) և երկու բրոնզե մեդալ՝ Ռոման Ամոյան (55 կգ) և Արսեն Ջուլֆալակյան (74 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ թեև իրեն գոհացրել է առաջնության ընդհանուր արդյունքը, սակայն մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալների փոխարեն մարզիկները կարող էին ոսկե մեդալների արժանանալ։

Ջուլֆալակյանը վստահ է, որ եթե չլինեին մրցավարի մտածված քայլերը, ապա Արթուր Ալեքսանյանը, ով իր մրցակցի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ նույն հաշիվն ուներ, սակայն հաղթանակը շնորհվեց ռուս ըմբիշին, կարող էր արծաթի փոխարեն ոսկե մեդալ նվաճել:

«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը լիարժեք ոսկե մեդալի էր, Ռուսաստանը միշտ ձգտում է առյուծի բաժինը վերցնել, բայց ես կողմնակից չեմ նման կերպ վերցնելուն։ Այս գոտեմարտը մերն է եղել: Մինչև վերջին պահը Արթուրը վստահ էր, որ հաղթում է, ուղղակի եթե լսեր մեր ձայնը, որ նրան միավոր է պետք, վստահ եմ՝ մենք կունենայինք այդ միավորը»,- ասում է Ջուլֆալակյանը՝ հավելելով, որ դիմելու են ըմբշամարտի ֆեդերացիա` այդ մրցավարին պատժելու խնդրանքով, քանի որ երևույթը տհաճ է, և մասնագետները հիասթափվում են նման գոտեմարտերից հետո:

Ըստ Ջուլֆալակյանի՝ մրցավարի սխալն այն էր, որ Արթուր Ալեքսանյանին նկատողություն էր տրվել պասիվության համար, մինչդեռ նա անընդհատ հարձակվում էր, իսկ երբ պաշտպանվելու հնարավորություն էր տրվել, Ալեքսանյանը բոլոր օրենքների սահմանով պաշտպանվել էր, սակայն մրցավարն անհիմն նկատողություն էր տվել, ապա երկու միավորից զրկել:

Անդրադառնալով որդու՝ Արսենի գոտեմարտին, ով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ, ում Արսենը զիջել էր 2012-ի օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում, Լևոն Ջուլֆալակյանն ասաց, որ թեև Արսենը գոտեմարտերից մեկում պարտվեց, բայց լավ մասնակցեց:

«Պարտության գոտեմարտում էլ լավ մենամարտեց, բայց թույլ տվեց տակտիկական սխալ, սակայն նրա առավելությունը զգացվում էր: Այնպես է ստացվում, որ վերջին 3 գոտեմարտերում հաղթում է Վլասովը, բայց երկուսն էլ միմյանց համար լուրջ հակառակորդներ են: Մինչ օրս Վլասովին հաղթելու բանալին չենք կարողացել գտնել, բայց վստահ եմ՝ կգտնենք»,- ասում է հայր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանն ասում է, որ Հայաստանի հավաքականը ցանկացած մրցաշարի մարտական տրամադրությամբ է մեկնում, իսկ մեդալների քանակը նախապես չեն որոշում:

«Սպորտում նախօրոք կանխատեսումներ չպետք է անել, քանի որ հաճախ են սայթաքումներ լինում: Մենք մարտական էինք տրամադրված, ընդհանուր շատ լավ էր թե´ թիմային, թե´ մեդալների առումով: Մեր մեծ ցանկությունն այն էր, որ մեր 3 մեդալակիրներն էլ պայքարեին ոսկու համար, բայց ինչ-որ բան խանգարեց, և արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց»,- ասում է հավաքականի գլխավոր մարզիչը: