Ընտրություններ 2012. Հայաստանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Ընտրություններ 2012. Հայաստանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Ֆոտոլուր

Անցյալ կիրակի Հայաստանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, և որոշ կուսակցություններ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, մասնավորապես, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատները» և կոմունիստական կուսակցությունը:

Ընդդիմադիր ուժերի` Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի հիմնական պահանջը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է: Այդ մասին ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա կարծում է, որ Հայաստանում կառավարման ձևը պետք է փոխվի նախագահականից խորհրդարանական հանրապետության: Նախ` նշեց նա, պետք է վերացնել ողջ իշխանության կենտրոնացումը իշխող կուսակցության ձեռքում, քանի որ ուժերի նման դասավորության դեպքում այն սերտաճում է պետության հետ:

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը նույնպես հայտարարել է, որ իրենց գլխավոր խնդիրը, ինչպես նաև ընտրությունները վերահսկելու նպատակով միասնական շտաբ ստեղծելու դրդապատճառը ՀՀԿ-ի մենաշնորհը ջարդելն է: Ըստ Զուրաբյանի` անհրաժեշտ է համախմբել հանրությանը շատ հասարակ խնդրի շուրջ` ջարդել ՀՀԿ-ի ներկայիս մեծամասնությունը խորհրդարանում, և այդ ժամանակ միանգամայն այլ իրավիճակ կստեղծվի: Եվ հենց այդ խնդրի շուրջ են իրենք համախմբում հասարակությանն ու քաղաքական ուժերին:

ԲՀԿ ցուցակում երկրորդ հորիզոնականում գտնվող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի «իսկական կոալիցիա», այլ ոչ թե ձևական, ինչպես այժմ: Եվ ՀՀԿ-ն արդեն իր կամքը չի թելադրի:


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագիրը ներկայացնելիս հավաստիացրել է, որ նոր Հայաստանը կլինի իրավական պետություն, այլ ոչ թե աղքատների և նվաստացածների պետություն: «Առաջին անգամ նորագույն Հայաստանի պատմության ընթացքում իշխանությունը վերադարձնելու ենք հայ մարդուն»,- ասել է Հովհաննիսյանը: Ընդ որում, նա նշել է, որ ժամանակն է հանրապետության երեք նախագահներին «շնորհակալություն» հայտնել և առաջ գնալ` «Գալի´ս ենք…» կարգախոսով:

«Միավորված հայեր» կուսակցությունը, որի կազմի մեջ են մտել գիտական աշխարհի, մտավորականության ներկայացուցիչներ, նույնպես նշում է, որ իրենց նպատակը Հայաստանը իրական սոցիալ-իրավական պետության վերածելն է, որում հաստատված է օրենքի գերակայությունը, բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, մարդու իրավունքները պաշտպանված կլինեն:

Բավականին զարմանալի է, որ ՀՀԿ-ն չի խոսում այն մասին, որ իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին հասկանալի պատճառներով, որովհետև հենց նա ունի ճնշող մեծամասնություն խորհրդարանում, և իշխանությունն այժմ կենտրոնացված է նրա ձեռքում: ՀՀԿ-ին այդ հարցում ամբողջությամբ սատարում են կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», դեմոկրատական կուսակցությունը և պայքարի մեջ մտած կոմկուսը: Հավանաբար, հենց նրանց հետ է ՀՀԿ-ն մտադիր հետագայում կոալիցիա ստեղծել:

Մինչ այդ, ՀՀԿ մենաշնորհը դրսևորվում է իր ողջ շուքով:

Ընդդիմադիր կուսակցություններն ահազանգում են Հայաստանը վաղուց լքած քաղաքացիների հաշվին ընտրողների թվի աճի մասին: Օտարերկրյա դիտորդների հետ հանդիպումների ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մատնանշում է այդ փաստը, սակայն մինչ օրս ո´չ ոստիկանությունը, ո´չ իշխող կուսակցությունը համոզիչ պատասխան չեն տվել այն հարցին, թե ինչպես կարող է բնակչության թիվը նվազել, իսկ ընտրողներինն` ավելանալ: