Որոշում 2013. Հայաստանը վերահաստատում է արդար ընտրություններ անցկացնելու վճռականությունը միջազգային դիտորդական առաքելության այցի ժամանակ

Հայաստանի իշխանությունները հավատարիմ են հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու որոշմանը, ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի Երևանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարը բարձր է գնահատել գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Նախարարն ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել: Մասնավորապես նա նշել է, որ անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ընդունվել և ուժի մեջ է մտել նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը:

Դեսպան Տալյավինին իր հերթին շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ՀՀ կառավարության կողմից հղած հրավերի համար և վստահեցրել, որ դիտորդական առաքելությունն անաչառ կլինի:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն իրենց երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով: Նախատեսվում է, որ փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ: