Ոստիկանապետ. Հայաստանը պատրաստ է անցկացնելու «փայլուն» ընտրություններ

«Այս քննությունը մենք փայլուն կհանձնենք»,- ասել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` չորեքշաբթի Երևանում հանդես գալով դատախազների և փաստաբանների եռօրյա սեմինարի բացման ժամանակ:

Սեմինարը կազմակերպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ)` ԱՄՆ դեսպանության և Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում:

Միջոցառման ժամանակ Գասպարյանը մասնավորապես ասել է, որ մոտ 2000 ընտրատեղամասերում նշանակվելու է ոստիկանության մեկ պատասխանատու անձ:

«Այդ մեթոդը մենք կիրառել ենք խորհրդարանական ընտրություններում, այնուհետև՝ ՏԻՄ ընտրություններում, և այն իրեն ամբողջությամբ արդարացրել է»,- ընդգծել է ոստիկանության ղեկավարը` հավելելով, որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և ոստիկանությունը պատրաստ է դրանց:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, իր պատրաստակամությունն է հայտնել անդրադառնալու ընտրական գործընթացի բոլոր խախտումներին:
«Առաջիկա նախագահական ընտրություններում չի լինի որևէ բողոք, որը մնա առանց քննարկման»,- ասել է Հովսեփյանը: