Մինչ Հայաստանը պատրաստվում է նախագահի ընտրություններին, միասնական թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են

Մինչ քաղաքական վերլուծաբաններից շատերը համարում են, որ փետրվարի 18-ը լինելու է ոչ թե համապետական ընտրության, այլ [գործող նախագահի] երդմնակալության օր, Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետած գործիչները շարունակում են մյուս թեկնածուներին ուղղված տարբեր առաջարկներով հանդես գալ:

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է միասնական թեկնածությանը, եթե «միավորվելուն տրամադրված նախագահի բոլոր թեկնածուները իսկապես պատրաստ լինեն հանուն բարեփոխիչ ազդեցիկ ուժի ստեղծման զսպել իրենց հավակնությունները»:

Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանն ասաց, թե ինքը միավորման անհրաժեշտ պայման է համարում ծրագրերի շուրջ միավորումը:

Նախագահի երեք թեկնածուներին` Հայրիկյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, միավորվելու կոչ էր արել ընտրություններին չմասնակցող Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունից դժգոհ Մակեյանը դիմել էր այս երեք թեկնածուներին` առաջարկելով, որ ընտրապայքարում մնա նրանցից միայն մեկը, որի շուրջ էլ կհամախմբվի ընդդիմադիր դաշտը։

Հայրիկյանը չի պնդում, որ միասնական թեկնածուն ինքը լինի, սակայն կարծում է, որ իր առաջադրումը ամենաշահեկանը կլինի:

«Բոլորով պետք է համաձայնության գան ծրագրերի շուրջ և որոշեն, թե ո´վ կարող է այդ ծրագրերը լավագույնս իրականացնել և ով քիչ հավակնություններ կունենա»,- ասաց ԱԻՄ-ի առաջնորդը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է պաշտոնավարել վեց ամսից երկու տարի, որի ընթացքում սահմանադրական բարեփոխումներ կանցկացնի, կվերացնի նախագահի պաշտոնը, վարչապետի պաշտոնն էլ ընտրովի կդարձնի:

Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն արձագանքել Հայրիկյանի հայտարարություններին. Հովհաննիսյանը Ֆրանսիայում է, իսկ Բագրատյանը «Ֆեյսբուքով» ակտիվորեն հրապարակում է իր նախընտրական ծրագրի տարբեր ուղղությունները, քաղաքական բարեփոխումների իր կոնցեպտը, արձագանքում օգտատերերի առաջարկություններին և քննադատություններին: Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է նախագահի պաշտոնի վերացմանը, և որ ընտրվելու դեպքում ինքը «կլինի Հայաստանի վերջին նախագահը»: Բագրատյանի քաղաքական բարեփոխումների կոնցեպտում, սակայն, նախագահի պաշտոնը վերացնելու մասին դրույթ չկա:

Այս ընթացքում ընտրություններին չմասնակցող որոշ` համեմատաբար ավելի փոքր քաղաքական ուժերը հայտարարություններ են անում այս կամ այն թեկնածուին սատարելու մասին: Օրինակ` ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից մեկը` «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդը» հայտարարել է, որ սատարում է Բագրատյանին: Լուրեր են շրջանառվում, որ Բագրատյանի թեկնածությունը կարող է սատարել նաև «Ժառանգության» նախկին գործընկերը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Ընտրություններին չմասնակցող մեկ այլ ընդդիմադիր ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ հայտարարել է, որ կուսակցության գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետևել ընտրարշավին և հայտարարությամբ հանդես գալ, այսինքն` կողմնորոշել ընտրազանգվածին: Դաշնակցությունն ավելի վաղ բացառել էր, որ կարող է իշխանության թեկնածուին սատարել:

Իսկ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ հայտարարել է, որ չի պատրաստվում նախագահի ութ թեկնածուներից որևէ մեկին սատարել, քանի որ ողջ ընտրական գործընթացը շինծու է, իսկ առաջադրված թեկնածուներն էլ` դրածոներ: