Ընտրություններ 2013. ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնում ընտրացուցակների, Հայաստանում նախընտրական քաղաքական իրավիճակի առնչությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը երկօրյա այցով Հայաստան է ժամանել գնահատելու նախընտրական վիճակը, մտահոգություններ ունի հիմնականում «ընտրացուցակների շարունակական էական անճշտությունների» առումով:

ԵԽԽՎ պատվիրակության 22 դիտորդներից բաղկացած հիմնական կազմը Երևան կժամանի ընտրություններից մի քանի օր առաջ` դիտարկելու ընտրական գործընթացը, սակայն մինչ այդ արդեն իսկ արված դիտարկումները «մտահոգիչ» են:

Դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթը հայտարարել է, որ «պատվիրակությունը հիասթափված էր` տեսնելով, որ ընտրացուցակների վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել», մինչդեռ «ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության կարևոր նախապայմանն են»:

Պատվիրակության ղեկավարը, անդրադառնալով ստեղծված քաղաքական իրավիճակին, համարել է այն «ցավալի», քանի որ «քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ո՛չ էլ վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ», որը ստեղծվել է «հիմնական կուսակցությունների կողմից թեկնածուներ չառաջադրելու որոշումից, ինչը նաև պատճառաբանվում է ընտրությունների ընթացքի նկատմամբ իրենց անվստահությամբ»:

«Այս որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը` հանգեցնելով առավել ցավալի իրավիճակի և առաջիկա ընտրությունները ստվերելով համընդհանուր անտարբերությամբ և անվստահությամբ»,- ասել է Վոլդսեթը:

Սակայն պատվիրակության անդամները գնահատելի են համարում, որ քաղաքական ուժերի այդ որոշմանը չեն հետևել «բոյկոտի կոչեր», և «նրանք պետք է խուսափեն բոյկոտի հորդորներից, քանի որ քվեարկությունը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է»:

Դիտորդական առաքելության անդամները չխուսափեցին նաև հայաստանյան ընտրությունների կարևորագույն մասը կազմող ընտրակաշառների ու վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հարցերից, որոնց մասին, ինչպես միշտ, դիտորդների կարծիքները բավական լավատեսական էին.
«Իհարկե, մենք դեմ ենք ընտրակաշառքին, մեզ էլ են հասել դրա մասին խոսակցությունները: Հարցը քննարկել ենք ոստիկանության ներկայացուցիչների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Հուսանք, որ դա այլևս չի կրկնվի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վոլդսեթը:

Իսկ վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործման և սպառնալիքների խնդիրները, ըստ դիտորդների, «շտկվել են այնպես, որ նման երևույթներն այլևս չկրկնվեն»:

Մեկ շաբաթ առաջ էլ Հայաստանում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը 24 երկարաժամկետ դիտորդների և 250 կարճաժամկետ դիտորդների պատվիրակությամբ, որը ևս «լիահույս է, որ Հայաստանի իշխանությունները կանցկացնեն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ»:

«Մենք եկել ենք դիտարկելու, այլ ոչ թե քննադատելու կամ ինչ-որ բան պարտադրելու համար»,- ընդգծել է առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին: