Ընտրություններ 2013. պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց երգերով (դեռ «պարեր» էլ կլինեն), խոստումներով, կարգախոսներով

Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև փետրվարի 16-ը: Նախագահի ութ թեկնածուները այս 28 օրերի ընթացքում տարբեր միջոցներով` հանդիպումներով, հեռուստատեսային գովազդներով, հանրահավաքներով և այլն, կփորձեն համոզել ընտրողներին, որ հենց իրենք են արժանի Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելուն:



Քարոզարշավի մեկնարկը, կարելի է ասել, տվեց Սերժ Սարգսյանը, որի պաշտոնական կայքը` (serzhsargsyan.am) բացվեց ուղիղ կեսգիշերին: Կայքում արդեն տեղադրված են գործող նախագահի նախընտրական ծրագիրը, հարցազրույցներ, ելույթներ, ինչպես նաև նախընտրական քարոզչական տեսահոլովակը, որն արդեն սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել: Շատերը համարում են, որ տեսահոլովակը իրականության հետ կապ չունի և անճաշակ է: Երգի հեղինակը նախագահի աշխատակազմի աշխատակից, իրավաբան և կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանն է, ով կույր է: Երգը կատարում են մի խումբ հայտնի երգիչ-երգչուհիներ: Թեկնածու Սարգսյանը այսօր երեկոյան հանդիպում կունենա Երևանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Քարոզարշավը կանցնի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսեց Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, որտեղ հանդիպում ունեցավ լրագրողների և ժողովրդի հետ: Նրա պաշտոնական կայքի (raffi4president.am) շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 22-ին: Հովհաննիսյանի կարգախոսն է` «Հնարավոր է»:

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավը սկսում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում, որտեղ կհանդիպի գյուղի բնակիչներին: Բագրատյանի նախընտրական կայքում (bagratyanpresident.am) ևս տեղադրված են նրա նախընտրական ծրագիրը, տեղեկություններ հանդիպումների մասին, հարցազրույցներ: Ի տարբերություն գործող նախագահի` Բագրատյանը հատուկ քարոզչական տեսահոլովակ չի պատվիրել, նա կայքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ինքը բավականին վիրտուոզ կերպով կիթառով հայտնի Midnight blues ստեղծագործությունն է նվագում: Բագրատյանը մի քանի կարգախոս ունի` «Ընդամենը 100 քայլ», «Հայաստանը դարձնենք հայրենիք» և «Հայաստանը միայն Երևանը չէ»:

Քաղաքագետ, «Ռադիո հայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավը, ինչպես և նախօրոք հայտարարել էր, սկսեց անժամկետ հացադուլով: Նա հացադուլն անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց` «Վերջ շինծու ընտրություններին» պաստառի մոտ: Թեկնածուն, ով պնդում է, թե նախագահը բարեխիղճ մրցակից չէ մյուս թեկնածուների համար, ասում է` հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերանայի իր որոշումը և ընտրապայքարից հանի գործող նախագահին, կամ էլ եվրոպացի դիտորդները հայտարարեն, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, և դադարեցնեն դիտորդական առաքելությունը:

Էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը քարոզարշավի առաջին օրը հանդիպեց լրագրողներին: «Վերևում Աստված կա» կարգախոսով ընտրություններին մասնակցող թեկնածուն չի պատրաստվում ժողովրդի հետ տետ-ա-տետ հանդիպումներ ունենալ, իր ասելիքը փոխանցելու է հեռուստագովազդի, ասուլիսների, հայտարարությունների, բուկլետների միջոցով:

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը քարոզարշավի առաջին օրը հանդիպում կունենա եվրոպացի դիտորդների հետ, իսկ նրա համակիրները բուկլետներ կբաժանեն: Հայրիկյանը քարոզարշավին մասնակցում է «Հավատը` գործերով» կարգախոսով: Նրա պաշտոնական կայքը բացելիս (hayrikyan.com) հնչում է Հայրիկյանի հեղինակած և նրա կատարմամբ «Անկախականների երգը» ստեղծագործությունը, որ նա գրել է 1974 թվականին ԿԳԲ-ի բանտում:

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը քարոզարշավը սկսել է հայտարարությամբ, որով իշխանություններից պահանջում է արժանահավատ տեղեկություններ հաղորդել Հայաստանից բացակայող քաղաքացիների թվի վերաբերյալ: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը չի մանրամասնել, թե այսօր ինչպե´ս է սկսելու քարոզարշավը: