Հայաստանը քվեարկում է. ողջ երկրում բացվեցին 2013 թ. նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերը

Այսօր առավոտյան ժամը 8.00-ին Հայաստանում բացվեցին 1988 ընտրատեղամասեր 12-ժամյա քվեարկության համար, որում երկրի քաղաքացիները առաջիկա հինգ տարիների համար ընտրելու են իրենց համար նախագահ:


Քվեաթերթիկում այբբենական կարգով նշված են նախագահի յոթ թեկնածուների անունները` Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան:

Հայաստանում նախագահական ընտրություններն անցկացվում են երկրորդ փուլի հնարավորությամբ, եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում ստանալ ժողովրդի քվեի 50 տոկոսը գումարած մեկ ձայն: Այդ դեպքում երկու առաջատար թեկնածուների միջև երկու շաբաթ անց երկրորդ փուլ է անցկացվում:

Իշխանությունների գնահատմամբ ու վիճակագրությամբ` այս պահին Հայաստանում կա մոտ 2,5 մլն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, սակայն նրանցից կես միլիոնից մինչև 700 հազար քաղաքացի հավանաբար գտնվում է երկրի սահմաններից դուրս և, ըստ Հայաստանի օրենսդրության` քվեարկելու իրավունք չունի:

Հայաստանի նախագահի ընտրություններում ամենամեծ մասնակցությունը գրանցվել է առաջին և վերջին ընտրությունների ժամանակ` համապատասխանաբար 1991 և 2008 թվականներին, երբ իրավունք ունեցող ընտրողների մոտ 70 տոկոսը մոտեցավ քվեատուփերին: Մյուս երեք ընտրությունների ժամանակ մասնակցությունը տատանվում էր 50-65 տոկոսի միջակայքում:

Օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մի քանի անգամ կհրապարակի մասնակցության ցուցանիշը, իսկ ձայների բաշխման վերաբերյալ առաջին խիստ նախնական տվյալները սպասվում են արդեն հաջորդ օրվա առավոտյան: ԿԸՀ-ը (www.elections.am) կհրապարակի իր նախնական հաշվետվությունը քվեարկության ավարտից արդեն 22 ժամ անց, այսինքն` փետրվարի 19-ին ժամը 18.00-ին: Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն փետրվարի 25-ին:

Մի շարք միջազգային և տեղական կազմակերպություններ դիտորդական առաքելություն են իրականացնում ընթացիկ ընտրություններում, որոնցից ամենախոշոր միջազգային առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը տեղակայել է 250 կարճաժամկետ դիտորդներ: Կան դիտորդներ նաև ԵԽԽՎ-ից, ԱՊՀ-ից, այլ միջազգային ու տեղական կազմակերպություններից: