Որոշում 2013. ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հովհաննիսյանը հաղթել է Սարգսյանին մի քանի նախկին իշխանամետ ընտրատարածքներում

Երկուշաբթի Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց նախնական արդյունքներով առաջատար է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ եղել են ընտրատարածքներ, որտեղ գործող նախագահի հիմնական մրցակից, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայներ է ստացել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի արտահերթ նիստում ամփոփեց ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց` ընտրություններին մասնակցությունը կազմել է 60,18 տոկոս: 1988 ընտրատեղամասերի տվյալների ամփոփման արդյունքում նախնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանը ստացել է ընտրողների ձայների 58,64%-ը, Հովհաննիսյանը` 36,75%-ը:

Հենց թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ու Ավան վարչական շրջանը, որտեղ բնակվում է Երևանի հանրապետական քաղաքապետը, սովորաբար ընտրությունների ժամանակ առաջնորդում են հենց իշխանական թեկնածուները, սակայն այս անգամ պատկերն այլ էր. թիվ 1 ընտրատարածքի 65.159-ի ընտրողներից Հովհաննիսյանի օգտին քվեարկել էին 15.752-ը, իսկ Սարգսյանի` 15.383-ը:

Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում նույնպես Հովհաննիսյանի ստացած ձայները (14.051) գերազանցում էին Սարգսյանի ձայներին (13.827):

Հովհաննիսյանի ձայները գերակշռում էին նաև թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների մի մասն ընդգրկող) ընտրատարածքում:

Սարգսյանը ձայների առավելապես մեծ քանակ է ստացել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում (20.548): Այս ընտրատարածքում է գտնվում նաև 13/34 ընտրատեղամասը, որի առջև տեղակայված է զորամաս, ու քվեարկողների հիմնական` 75 տոկոսը, զինվորականներ են հանրապետության տարբեր շրջաններից: Ըստ արդյունքների` այդ ընտրատեղամասում քվեարկության 1196 մասնակիցներից Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 986 մարդ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 149-ը:

Հովհաննիսյանը, ով քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսում էր զինծառայողների և այլ պետական հիմնարկներում աշխատողների վրա իշխանությունների կողմից պարտադրանքի դեմ, և ասում էր, որ ի տարբերություն գործող նախագահի, ով նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, մուտք չունի զորամասեր քարոզարշավ իրականացնելու համար, փաստորեն, թեպետ քիչ քանակությամբ, բայց կարողացել է ձայներ ստանալ նաև զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասից:

Մարզերում ևս անտարբեր չեն մնացել ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ, մասնավորապես Լոռու մարզի շրջկենտրոն Վանաձոր քաղաքի մի մասն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում Հովհաննիսյանի ձայները հասել են 18.688-ի, մինչդեռ Սարգսյանինը` 10.588-ի:

Սակայն Հովհաննիսյանին ամենաշատ ձայները բաշխեցին շիրակցիները: Շիրակի մարզի մի քանի համայնքներ ընդգրկող թիվ 33, 34 և 35 ընտրատարածքներում Հովհաննիսյանի օգտին քվեարկել էին համապատասխանաբար 14.471, 22.120 և 18.443 ընտրողներ, իսկ Սարգսյանի` 13.995, 9693, 9517: