Որոշում 2013. Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վաղը ժամանակ է տվել գործող նախագահին`ընդունելու «ժողովրդի հաղթանակը»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երկուշաբթի կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ստացել է ձայների մոտ 37 տոկոսը, մինչև չորեքշաբթի ժամը 17.00-ը ժամանակ է տվել պաշտոնապես հաղթող, գործող նախագահ Սերժ Սարգսյանին` ընդունելու «ժողովրդի հաղթանակը» (այսինքն` ընդունել իր պարտությունը), կամ պատրաստվել դիմակայելու Րաֆֆու և իր կողմնակիցների բողոքին:

Այսօր Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով իր աջակիցներին, հայտարարել է, որ վաղը ժամը 17.00-ին Սերժ Սարգսյանն իր ձեռքը կսեղմի որպես հաղթողի:

«Ես չեմ հավատում պաշտոններին, բայց ես արդեն ընտրված նախագահ եմ»,- ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե հնարավորություն ունենա կառավարություն ձևավորելու, կհամագործակցի լայն ընդդիմադիր դաշտի և «այլընտրանք» ուժերի հետ, որոնք չմասնակցեցին փետրվարյան ընտրություններին:

Հովհաննիսյանը և նրա վստահված անձինք ու ընտրական շտաբի ակտիվիստները հայտարարել են փետրվարի 18-ին զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց հետևանքով իրենք զրկվել են հաղթանակից:

Սարգսյանի ընտրական շտաբն արդեն ժխտել է մեղադրանքները, իսկ հանրապետության նախագահը ընտրությունները, որում նա վերընտրվել է երկրորդ ժամկետում, բնութագրել է որպես «լավ»: