Որոշում 2013. ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը քննադատում են փետրվարի 18-ի ընտրությունները` բացահայտ չսատարելով Հովհաննիսյանին

Որոշում 2013. ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը քննադատում են փետրվարի 18-ի ընտրությունները` բացահայտ չսատարելով Հովհաննիսյանին


Երկու խոշոր ընդդիմադիր ուժերը, որոնք չեն մասնակցել այս նախագահական ընտրություններին, հանդես են եկել արդյունքների մասին քննադատական հայտարարություններով` այդուհանդերձ հստակորեն չսատարելով ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով վիճարկում է առաջին փուլով գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հաղթանակը:

Հայ հեղափոխական դաշնակցությունն (ՀՅԴ) ասել է, որ փետրվարի 18-ին «Հայաստանի քաղաքացիներն ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի»:

«Ժողովրդի ընդվզումը երկրում առկա իրական վիճակի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանության և նրա` վերևից ներքև ներկայացուցիչների ինքնագոհ այն պահվածքի, թե իրենք հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունն ու աջակցությունն ունեն: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում»,- ընդգծել է ՀՅԴ-ն:

Միևնույն ժամանակ, հայ ավանդական կուսակցությունը զգուշացրել է, որ «ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն և դժվար որոշումներ են պարտադրում և´ գործող իշխանությանը, և´ հիմնական մրցակից թեկնածուին, և´ ընդդիմադիր ուժերին, և´ հասարակության ակտիվ հատվածին»:

«ՀՅ Դաշնակցությունը ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից»,- եզրափակել է կուսակցությունը:

Մեկ այլ ընդդիմադիր դաշինք` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը չի մասնակցել վերջին նախագահական ընտրություններին, նույնպես դատապարտել է նախագահ Սարգսյանին ու նրա վարչախմբին` մեղադրելով խայտառակ ընտրություններ անցկացնելու համար: Հայտարարության մեջ ասվում է, որ ներկայիս իշխանությունները երբեք չեն հրաժարվի ընտրակեղծիքների իր ստեղծած մեքենայի գործադրումից, քանի դեռ դրա դեմ չի ծառացել «ժողովրդի միասնական կամքը», և քանի դեռ միջազգային հանրությունը «բավարար» գնահատական է տալիս այս կեղծիքներին:

Իր հայտարարության մեջ ՀԱԿ-ը հիշեցրել է նաև հինգ տարի առաջ` 2008 թ. փետրվարին, իրենց թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նման հետընտրական պահանջների և ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները ճնշելու մասին:

Երեքշաբթի երեկոյան Երևանի Ազատության հրապարակում, դիմելով իր համակիրներին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքն է իրական հաղթողն ու ընտրված նախագահը` հավելելով, որ եթե կառավարություն կազմելու հնարավորություն տրվի, այդ կառավարության կազմում տեղ կունենան ընդդիմադիր ուժեր, այդ թվում նաև Դաշնակցությունը և ՀԱԿ-ը: