Որոշում 2013, մաս 2-րդ. Հովհաննիսյան-Սարգսյան բանակցություններից ոչ մի մանրամասն դեռ հայտնի չէ, հետընտրական բողոքը շարունակվում է

Ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է երկուշաբթի կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց պաշտոնապես հաղթել է նախագահ Սերժ Սարգսյանը, հինգշաբթի կեսօրից հետո գործող նախագահի նստավայրում բանակցություններից հետո ասաց, որ քննարկման մանրամասները կներկայացնի վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում:

Ընտրություններում պաշտոնապես մոտ 37 տոկոս ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուն մոտ 59% ձայն ստացած գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ավելի քան երկու ժամ քննարկել է լուծման ուղիները հետընտրական վեճի, որով նա պահանջում է «իշխանությունը փոխանցել ժողովրդին»:

«Սա Րաֆֆիի և Սերժի պայքար չէ, այլ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների ապագան է,- մոտ ժամը 15-ին նախագահական նստավայրից դուրս գալուց հետո հայտարարեց նա: - Ես կզեկուցեմ և այսօրվա մեր հանդիպման մասին հարցերին կպատասխանեմ վաղը ժամը 5-ին Ազատության հրապարակում: Հայ ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը»:

Հովհաննիսյանը հրաժարվեց բանակցությունների մասին մանրամասներ հաղորդելուց` կրկին բոլորին կոչ անելով վաղը գալ հանրահավաքի: