Որոշում 2013. ընդդիմության թեկնածուն խոստանում է շարունակել պայքարը

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պաշտոնական արդյունքներով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, այսօր նորից խոստացել է, որ շարունակելու է իր պայքարը դե յուրե նախագահությանը հասնելու համար:

Երեքշաբթի Երևանում անցկացված հերթական հանրահավաքի ժամանակ նա քննադատել է նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իր հրավերը չընդունելու, ինչպես նաև իրեն հանդիպման չհրավիրելու համար, որ քննարկեն ներկա հետընտրական ճգնաժամից դուրս գալու լուծումը:

«Այլևս մենք ոչինչ չունենք ասելու, պետք է գործենք ու մենք չենք շեղվելու մեր ճանապարհից»,- ընդգծել է ընդդիմության առաջնորդը:

Հովհաննիսյանը նաև կոչ է արել մյուս քաղաքական ուժերին նույնպես մասնակցել «համազգային ճգնաժամի լուծմանը»: Նա տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն կուսակցությունների, «Սարդարապատ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և պատրաստ է հանդիպելու Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության հետ, վերջինս պատրաստ է նման հանդիպմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա երկու օրերը նորից կանցկացնի մարզեր այցելելով, ինչպես նաև հանդիպումներ կունենա օտարերկրյա դիվանագիտական կորպուսի մի քանի ներկայացուցիչների հետ, որից հետո մարտի 8-ին Երևանում նորից հանրահավաք կանցկացնի:

Պատասխանելով թերահավատներին, ովքեր պնդում են, որ նա ոչ մի ծրագիր չունի, ընդդիմության առաջնորդը խոստացել է, որ այս ծրագիրը հստակ կերևա արդեն գալիք կիրակի: