Երկար ճանապարհով... հետընտրական բողոքների շարժումը, կարծես, պատրաստվում է «հանգրվան առ հանգրվան» պայքարի

Երկար ճանապարհով... հետընտրական բողոքների շարժումը, կարծես, պատրաստվում է «հանգրվան առ հանգրվան» պայքարի

Ֆոտոլուր

Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ձևավորված բողոքի շարժումը հայտարարել է իր մերձակա մարտահրավերները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մարտի 5-ի հանրահավաքում հայտարարել է, որ իր կուսակցությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մեկտեղ պատրաստվում է մայիսին գնալ տեղական ընտրությունների և իշխանությունը վերցնել «ներքևից»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է որ մայիսի 5-ին իրենք կվերցնեն իշխանությունը Երևանում, որտեղ ապրում է հանրապետության բնակչության գրեթե կեսը:

Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին շատերը մեղադրում են վճռականության պակասի և կոնկրետ քայլերի բացակայության մեջ: Սակայն, ըստ երևույթին, հստակ ծրագիր կա, և ընդդիմությունը պատրաստվում է ստանալ քաղաքային մարմիններում տեղերի մեծ մասը: Նախևառաջ այն պատճառով, որ իշխող Հանրապետական կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինները համարում է իր պլատֆորմը, և, ընդդիմության կարծիքով, հենց տեղական մարմիններն են ընտրություններում իշխող կուսակցությանն ապահովում հիմնական ընտրակեղծիքները:

Մարտի 5-ին հնչեց ևս մեկ կարևոր հայտարարություն՝ իրադարձությունների հնարավոր հետագա ընթացքի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն չի բացառում համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարման առաջարկվող անցումը: Եվ չի բացառվում, որ ՀՀԿ-ն կմիանա ընդդիմադիր կուսակցությունների այդ նախաձեռնությանը:

Այս առաջարկները հնչել էին 2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններից առաջ, սակայն իշխող կուսակցությունը մերժել էր դրանք՝ հայտարարելով, որ սկզբունքորեն դեմ չէ նման որոշմանը, սակայն դեռ վաղ է այն քննարկել: Հավանաբար, հաշվի էր առնվել, որ Սերժ Սարգսյանը պետք է անցնի երկրորդ ժամկետով, իսկ հետո, երբ նա չի կարող առաջադրվել երրորդ անգամ, կարելի է անցնել նաև խորհրդարանական կառավարման:

Մամուլում արդեն տեղեկատվություն է հայտնվել, որ Սերժ Սարգսյանը հող է նախապատրաստում խորհրդարանական հանրապետության վարչապետ դառնալու համար: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չի արձագանքել այդ առաջարկին: Թեև արդեն հայտարարվել է, որ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու ՀՅԴ և «Ժառանգության» նախաձեռնությունը, որը կքննարկի վերոնշյալ հարցերը, ձախողվել է: Երկու խմբակցությունները ստորագրահավաք են սկսել, սակայն եթե նրանց չմիանա մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ապա հազիվ թե հնարավոր լինի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություն: ԲՀԿ-ն առայժմ մտմտում է, թեև անցյալ տարի հենց այդ կուսակցությունը հանդես եկավ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությամբ:

Ակնհայտ է, որ բողոքի շարժումը չի առաջադրում նախագահի հրաժարականի կոշտ պահանջ և նախընտրում է գնալ իշխանությունը ներքևից նվաճելու, խորհրդարանը ցրելու և կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու երկար ճանապարհով: