Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանները. «Մենք հավատում ենք հայ օմբուդսմանին»

Հայաստանի օմբուդսման Արմեն Հարությունյանն իր գործունեությամբ ի զորու է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զգալի առաջընթացի հասնել: «ԱրմենիաՆաուի» հետ հարցազրույցի ընթացքում այս կարծիքը հայտնեց Ֆրանսիայի օմբուդսմանի աշխատակազմի ղեկավար Քրիստիան Լե Ռուն:

Լե Ռուն Հայաստան էր եկել մասնակցելու «Թվինինգ» նախագծի շնորհանդեսին, որի նպատակը Հայաստանին տեխնիկական և իրավական աջակցություն ցույց տալն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախագիծը կիրականացվի Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականություն» ծրագրի, ինչպես նաև այն ծրագրի շրջանակներում, որոնք իրականացնելու են Իսպանիայի և Ֆրանսիայի օմբուդսմանների գրասենյակները: Հայաստանում մշտապես կգտնվի Իսպանիայի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը և Ֆրանսիայից ու Իսպանիայից փորձագետների խումբ:

Ինչպես հաղորդել է Քրիստիան Լե Ռուն, 1 մլն եվրո արժեքով ծրագիրը կիրականացվի 18 ամսվա ընթացքում:

Նրա խոսքով` Արմեն Հարությունյանը մեծ հեղինակություն է վայելում Եվրոպայի իրավապաշտպան կազմակերպություններում, և Հայաստանի օմբուդսմանի պաշտոնում նրա ակտիվ գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել նրա եվրոպացի գործընկերների կողմից:

«Հավատացած ենք, որ հենց Արմեն Հարությունյանի շնորհիվ ոչ միայն հաջողությամբ կիրականացվի «Թվինինգ» նախագիծը, այլև Հայաստանը զգալի հաջողությունների կհասնի հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում»,- ասաց Լե Ռուն: Նա նաև նշեց, որ Իսպանիան ու Ֆրանսիան ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեն, և նրանց փորձը Հայաստանի համար խիստ արժեքավոր կլինի:

Նախագծի շնորհանդեսի արարողությանը մասնակցում էին Իսպանիայի օմբուդսմանի աշխատակազմի ավագ պատասխանատու Կարմեն Կոմաս-Մատա Միրան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ: