Կենսաթոշակային ապահովում. ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կուտակային համակարգի ներդրումը հետաձգվել է

Կենսաթոշակային նոր` կուտակային համակարգը, որը պետք է ներդրվեր 2010 թ., հետաձգվել է մեկ տարով հիմնականում ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:

Կենսաթոշակային նոր համակարգը նախատեսում է, որ 2011 թ. հունվարի 1-ից մինչև 40 տարեկան ցանկացած քաղաքացի ինքը պետք է կուտակի իր ապագա թոշակը` ամեն ամիս վճարելով աշխատավարձի 5 տոկոսը, որի վրա պետությունն իր հերթին պարտավորվում է ավելացնել փոխանցված գումարին հավասար գումար:

Այսինքն` հետագայում թոշակը կձևավորվի ոչ թե ըստ աշխատանքային ստաժի, ինչպես գործող համակարգով, այլ` աշխատավարձի չափի. որքան բարձր կլինի աշխատավարձը, այնքան բարձր կլինի նաև թոշակը:

«Թոշակների համար տրվող պարտադիր վճարումները կհաշվառվեն քաղաքացիների անհատական հաշիվներում, դրանք կներդրվեն համապատասխան կուտակային հիմնադրամներում, և ծերության կենսաթոշակ ստանալու ժամանակ մարդիկ կունենան ապրելու համար բավարար դրամագլուխ»,- ասում է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:

Թեև կառավարությունն արդեն մի քանի տարի ծրագրում է անցումը նոր համակարգի, հասարակության մեծ մասը տեղյակ չէ, թե իրականում ինչն է փոխվելու, և որոնք են այդ համակարգի առավելություններն ու ռիսկերը:

Հիմնական առավելությունն այն է, որ բարեկեցիկ ծերություն ապահովող թոշակ ստանալու հավանականությունը մեծ է, սակայն մեծ է նաև ռիսկը կորցնելու այն:

Հիմնադրամները, որտեղ պետք է կուտակվեն 1970-ից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիների թոշակային գումարները, լինելու են պետության կողմից լիցենզավորված մասնավոր հիմնադրամներ, որոնք էլ գումարները կներդնեն արժեթղթերի շուկայում, և այս դեպքում պետությունը հանդես է գալիս միայն համակարգը կարգավորողի և վերահսկողի դերում:

Ըստ Խաչիկյանի` ամենամեծ ռիսկն այն է, որ պետությունը երաշխավոր չի կանգնում հիմնադրամներին, այլ միայն հետևում է գործընթացին.

«Դասական առումով` բոլոր երկրներում էլ կուտակային հիմնադրամների սնանկացման դեպքում գումարները փոխանցվում են կառավարությանը: Միշտ էլ պետությունը կրում է պատասխանատվություն` կենսաթոշակը վճարելու համար, սակայն` ոչ երաշխիքներ»,- ասում է Խաչիկյանը` վստահեցնելով, սակայն, որ հիմնադրամները կստանան լիցենցիա միայն այն դեպքում, երբ նրանք կունենան այնքան կապիտալ, որ սնանկացման դեպքում փոխհատուցեն քաղաքացիների ներդրած գումարները:

Սակայն շատերը թերահավատ են, որ այս համակարգը կաշխատի Հայաստանում, որտեղ, ինչպես շեշտում են տնտեսագետները, արժեթղթերի շուկան դեռ զարգացած չէ:

ՀՅԴ տնտեսագետ պատգամավոր Արա Նռանյանը վստահ է, որ նման համակարգը ռիսկային է:

«Ինձ համար զարմանալի է, որ, տեսնելով այս վերջին ֆինանսական ճգնաժամի հետևանքները, դեռևս շարունակում են խոսել այս համակարգի մասին, չէ՞ որ միլիոնավոր մարդիկ հենց արժեթղթերի և պարտատոմսերի շուկաներում կորցրին իրենց գումարները, և դրանց մեծ մասը հենց թոշակառուների` տարիներով կուտակած գումարներն էին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Նռանյանը:

Սակայն կենսաթոշակային համակարգի ներկայացուցիչները հերքում են նման մտավախությունները:

«Ճգնաժամերը եղանակների նման են. եթե անձրև է, հետո անպայման նաև արև է լինում, և երկարաժամկետ կտրվածքով այդ անձրևը մեծ հետևանք չի ունենում, այս համակարգը կապահովի բարձր եկամուտներ, և հնարավոր չէ, որ անվերջ անկում լինի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Խաչիկյանը:

Նույնը պնդում է նաև ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական ապահովության ամրապնդման համակարգեր ծրագրի իրավական/թոշակային հարցերով փորձագետ Ելենա Զեզուլինան, որը խոստովանում է, որ ֆինանսական ճգնաժամերը կարող են ազդել թոշակային կուտակումների վրա, սակայն հավաստիացնում է, որ երկարաժամկետ կտրվածքով վնասները կարող են նորից վերականգնվել:

Որպես լավագույն օրինակ նա մատնանշում է Շվեդիան, որտեղ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, ինչպես ողջ աշխարհում, այնտեղ ևս անկում ապրեց արժեթղթերի շուկան, և կենսաթոշակային գումարները մոտ 30 տոկոսով կորուստներ կրեցին:

«Բայց նրանք իրենց գումարները թողեցին բանկերում, ձեռք չտվեցին, իսկ երբ մյուս տարիների ընթացքում գներն աճեցին, նրանց գումարները ևս աճեցին, և նրանք օգտվեցին»,- ասում է Զեզուլինան:

Ըստ մասնագետների` այս համակարգը ներդնելու անհրաժեշտության հիմնական փաստարկը ժողովրդագրական խնդիրներն են:

Այսօր Հայաստանում 460 հազար աշխատող կենսաթոշակ է ապահովում 520 հազար կենսաթոշակառուի համար, այսինքն` աշխատողների թիվն ավելի քիչ է, քան թոշակառուներինը:

Մինչդեռ նորմալ թոշակ ապահովելու համար առնվազն հարաբերակցությունը պետք է լինի 1 թոշակառու 4 աշխատողի դիմաց: Խորհրդային տարիներին երեք աշխատող պահում էր մեկ թոշակառուի:

Հայաստանի կես միլիոն թոշակառուների միջին կենսաթոշակը 26 000 դրամ է (67 դոլար), որը առնվազն 10 000 դրամով (25 դոլար) պակաս է նվազագույն կենսապահովման զամբյուղից:

Ըստ կանխատեսումների` իրավիճակն էլ ավելի կբարդանա 20 տարի հետո, երբ աշխատողների թիվը գրեթե կրկնակի կնվազի, քանի որ 90-ականներին ծնվածների թիվը կրկնակի պակաս է 70-80-ականների ծնվածներից:

«Մենք հիմա արդեն ճգնաժամային իրավիճակում ենք, մինչդեռ 2050 թ. կանխատեսումները շատ ավելի տխուր են, և իրավիճակը փրկելու միակ տարբերակը կենսաթոշակների կուտակային համակարգն է»,- ասում է Խաչիկյանը: