Մարդու իրավունքների պաշտպանության օրը. առաջին օմբուդսմանը Հայաստանում նշելու քիչ բան է տեսնում

Հինգշաբթի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը լրատվամիջոցներին ասաց, որ այդ ինստիտուտը Հայաստանում հետընթաց է ապրել:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003 թ. հոկտեմբերի 21-ին, իսկ 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: 2006 թ. փետրվարին Ազգային ժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան նշանակեց Արմեն Հարությունյանին:

Ալավերդյանի կարծիքով` 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան արյունալի դեպքերը մինչ օրս շարունակում են մնալ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները, որոնց տրամաբանական շարունակությունն այսօր քաղբանտարկյալների առկայությունն է երկրում:

Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Ալավերդյանը (ներկայումս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ) Հայաստանում մարդու իրավունքների խախտման 5 ոլորտ առանձնացրեց` սեփականության իրավունքի խախտում, ոստիկանության և արդարադատության համակարգում խախտումներ, սոցիալ-տնտեսական իրավունքների խախտում, ընտրական իրավունքի և խոսքի իրավունքի խախտում:

Նա կարծում է, որ քաղաքացիների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքում առաջընթացի բացակայության մեղավորները պետական մարմինների աշխատակիցներն են:

Իր փորձից օրինակ բերելով` Ալավերդյանն ասաց. «Երբ ես ԱԺ-ում ներկայացնում էի մարդու իրավունքների հերթական խախտումներից մեկը`Արաբկիրի հանրակացարանի տանիքի անմխիթար վիճակը, որտեղ այժմ ապրում են փախստականներ, ի թիվս որոնց 20 հաշմանդամ, ԱԺ նախագահն առաջարկեց այդ հարցով գրավոր դիմել,- պատմում է Ալավերդյանը: - Պատասխանեցի, որ հիմա եմ ուզում բարձրացնել հարցը: Ինձ արգելեց, որին ես պատասխանեցի. «Ի~նչ լավ է, որ բոլորս տանիք ունենք մեր գլխին», որից պարոն Աբրահամյանը վիրավորվեց»:

Ալավերդյանն ամեն դեպքում կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դեռ կայանալու հույս ունի, և հաճոյախոսություն է համարում այն, որ մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանին ընդդիմության ներկայացուցիչները որակում են որպես իշխանամետ, իսկ իշխանության ներկայացուցիչները` ընդդիմադիր: