Պաշտոնական. հայ լրտեսի գործը դատարան է ուղարկվել

Ինչպես հաղորդում են ՀՀ դատախազության մամուլի գրասենյակից (www.genproc.am), ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է լրտեսության ձևով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թ. ապրիլին հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ. Հայրապետյանը ստացել է 2009 թ. սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ. Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ. Հայրապետյանը Բ. Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:

Բացի այդ, Գ. Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հրազեն և ռազմամթերք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):

Քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բանալի բառեր` լրտեսության նախաքննություն, Ադրբեջան, հայ լրտես, դատախազության մամուլի գրասենյակ, հակահայկական քարոզչություն: