Գենդերային խնդիրներ. ՌԱՀՀԿ-ն անդրադառնում է Հայաստանում կանանց իրավունքների խնդրին

Գենդերային հավասարության ծրագրերով զբաղվող հայ մասնագետների կարծիքով` Հայաստանում ժողովրդավարությունը չի կայանա դեռ այնքան ժամանակ, քանի դեռ կանայք լիովին չեն մասնակցում ժողովրդավարական գործընթացներին: Ըստ մասնագետների` կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները հնարավոր կլինի լուծել նախևառաջ դրանց մասին անթաքույց խոսելով, ինչը դեռ անհնար է Հայաստանում, քանի որ հայ կանանց մեծ մասը չի ցանկանում խոսել նույնիսկ իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին:

Չորեքշաբթի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպվել էր քննարկում` «Գենդերային հավասարությունը և Հայաստանում կանանց իրավունքների հիմնահարցը» թեմայով:

ՌԱՀՀԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հակիրճ ներկայացնելով թեմաները, նշեց, որ «շատ երկրների համար գենդերային հավասարությունը և կանանց իրավունքների վիճակը ցույց են տալիս հասարակության ընդհանուր զարգացվածությունը և ժողովրդավարության վիճակը»: Ապա նա հավելեց. «Հայաստանի դեպքում նույնպես կանանց պայմանները, այդ թվում` հայ կնոջ հնարավորությունները աշխատատեղում, կրթական համակարգում և քաղաքականությունում պարզորոշ ցույց են տալիս Հայաստանի ներկայիս իրական վիճակը»:

Կիրակոսյանն ասաց, որ գենդերային հավասարության հարցը երկարատև աշխատանք է պահանջում: Այդ նպատակով կենտրոնը հաջորդ տարվանից հիմնախնդրի վերաբերյալ ծրագիր է իրականացնելու:

(Համաձայն պաշտոնական վիճակագրության` կանայք կազմում են Հայաստանի բնակչության 53 տոկոսը):

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Գենդերային բռնության ծրագրի համակարգող Ջինա Սարկիսովան հայտնեց, որ 2008 թվականից Հայաստանում իրականացվում է «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակներում այդ հիմնախնդիրը բացահայտելու համար 4600 տնային տնտեսություններում հարցումներ են անցկացվել:

«Վիճակագրության հավաքումը շատ դժվար աշխատանք է, քանի որ հայ կանայք թաքցնում են բռնության փաստերը` չգիտակցելով, որ իրենց վարքով իրենց դստեր, թոռնուհու համար մի կաղապար են ստեղծում, որոնք կհետևեն նրա օրինակին»,- ասում է Սարկիսովան:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյանի Ժողովրդավարացման ծրագրի ավագ օգնական Ծովինար Հարությունյանն ընդհանուր ներկայացրեց խնդրի առնչությամբ ԵԱՀԿ-ի աշխատանքները և շեշտեց, որ կանանց ներուժը լիովին չի օգտագործվում:

Հարությունյանը նաև ասաց, որ հասարակական-քաղաքական կյանքում կանանց դեֆեմինիզացումը Հայաստանի անկախության ձեռբերմանը հաջորդած ծանր տարիների արդյունք է:

«Հայաստանում գործազուրկների 66 տոկոսը կանայք են, սակայն համալսարանական կրթություն ստացողների կեսից ավելին ևս կանայք են: Կարելի է ասել, որ բուհի դիպլոմը հայ կանանց մեծամասնության առաջին և վերջին նվաճումն է, դրանից հետո նրանք անհետանում են հասարակական-քաղաքական կյանքից»,- ասում է Հարությունյանը` ավելացնելով, որ հիմնախնդիրը լուծելու հարցում ավելի շոշափելի արդյունքների հասնելու համար խնդրով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունները պետք է սկսեն համագործակցել միմյանց հետ:

ՌԱՀՀԿ-ի իրավաբան Տիրուհի Նազարեթյանն էլ իր հերթին նշեց, որ կանանց նկատմամբ շատ մեծ խտրականություն են դրսևորում հատկապես աշխատատեղում:

«Գործատուները խտրականություն են դրսևորում ըստ աշխատավարձի չափի, երբ միևնույն աշխատանքի դիմաց կանանց ավելի քիչ են վճարում, ըստ մասնագիտության, երբ միևնույն կամ ավելի բարձր որակավորում ունեցող տղամարդու և կնոջ միջև նախընտրում են աշխատանքի ընդունել տղամարդուն, և ըստ պաշտոնի բարձրացման: Որպես կանոն` գործատուները կանանց բարձր պաշտոններ համարյա չեն վստահում»,- ասում է Նազարեթյանը: