Զայրացած պատասխաններից. ծնողները չեն ընդունում այն վարկածը, որ իրենց զինծառայող որդին էլեկտրահարվել է անզգուշության պատճառով

Դատավորը հրաժարվում է բանակում մահացած զինվորի` Տիգրան Օհանջանյանի ծնողների պահանջին համապատասխան ներկայացնել գործի իրեղեն ապացույցները և ուշադրություն չի դարձնում հոկտեմբերին արված դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության արդյունքներին: Ծնողներն ասում են, որ եթե նման ապացույցներ ներկայացվեն դատարանում, ապա իրենց որդու` անզգուշությամբ էլեկտրահարվելու վարկածը կժխտվի:

Նովոռոսիյսկում բնակվող Օհանջանյանների ընտանիքը երեք տարի առաջ, երբ բանակ էին ճանապարհում ձյուդո մարզաձևում մեծ հաջողությունների հասած իրենց ավագ որդուն` Տիգրան Օհանջանյանին, չէին էլ մտածում, որ ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք, բայց ոչ թե որդուն ողջ և առողջ հետ տանելու, այլ կյանքի մյուս տարիները դատական քաշքշուկների մեջ անցկացնելու և որդու մահվան պատճառը փնտրելու:

Տիգրանը զոհվել է 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի թիվ 28 418 զորամասում: Քրեական գործի տվյալներով` նա ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել զինվորական մասից և, դիպչելով զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված ալեհավաքը պահող ձգալարին (տրոս), հոսանքահարվել է:

Այս եզրակացությունը տվել է դատաբժիշկ Վիգեն Ադամյանը: Սական մահացածի ծնողները, ուսումնասիրելով քրեական գործը և գտնելով բազմաթիվ կասկածելի փաստեր, պնդում են, որ իրենց որդուն սպանել են:

«Ինչպե՞ս իմ տղան էլեկտրահարվեց, եթե այդ տարածքում կա ընդամենը 30 վոլտ հոսանք: Եթե դա էլեկտրահարում էր, ինչո՞ւ պատառոտվեց իմ երեխայի վերնազգեստը, եթե դա էլեկտրահարում էր, ինչո՞ւ ատամները դուրս թռան, եթե դա էլեկտրահարում էր, ինչո՞ւ չվնասվեց իմ երեխայի կոշիկն այն մասից, որտեղից, ըստ նրանց, հոսանքը դուրս է եկել»,- իր հարցերի պատասխանն է պահանջում Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը:

Մասնագետներն ասում են, որ 30 վոլտը չի կարող սպանել մարդուն: Ծնողները կարծում են, որ իրենց որդին կանխամտածված սպանության զոհ է դարձել, որը կոծկում են վերևներից, սակայն նրանք դժվարանում են նշել սպանության շարժառիթը:

Զինվորի հայրը` Սուրեն Օհանջանյանը, ասում է, որ դատարանը հրաժարվում է տրամադրել իրենց իրեղեն ապացույցները` ասելով, թե նրանք այդ հարցը քննել են դեկտեմբերի 9-ի դատավարության ժամանակ:

«Եթե այդ օրը դատավարություն է եղել, ինչո՞ւ մեզ այդ մասին տեղյակ չեն պահել, ինչո՞ւ են դեկտեմբերի 8-ին ծանուցում ուղարկել, որ դեկտեմբերի 21-ին է դատը լինելու, կամ ինչո՞ւ մինչև այսօր 70-ից ավելի վկաներից միայն 13-ին են հարցաքննել, այն էլ` ոչ բոլորին մեր ներկայությամբ»,- ասում է հայրը:

Էլեկտրահարման վարկածը հաշվի առնելով` կապիտան Ռուստամ Ասատրյանին և ենթասպա Կարեն Թովմասյանին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել: Մեղադրանքը հաստատվելու դեպքում վերջիններիս սպառնում է 3-6 տարվա ազատազրկում: Դատարանում Օհանջանյանի ծնողները պաշտպանել են այս մարդկանց, քանի որ նրանք չեն ընդունում էլեկտրահարման վարկածը:

«Սպանությունից հետո պաշտպանության նախարարության կողմից խիստ նկատողություն են տվել զորամասի հրամանատար Սմբատ Սիմոնյանին, շտաբի պետ Կապիտան Տարխչյանին, օրվա հերթապահ Նվեր Մարգարյանին: Բայց դեպքից մեկուկես ամիս հետո այս երեք սպաների պաշտոնները բարձրացրել են»,- վրդովվում է հայրը:

Օհանջանյանների գործով փաստաբան Մոնիկա Մարգարյանը համոզված է, որ գործի բացահայտումն այսքան երկար չէր տևի, եթե նախաքննական մարմինը ի սկզբանե ճիշտ աշխատեր և չկոծկեր փաստերը:

Օհանջանյանների մյուս փաստաբանը` Սեդա Սաֆարյանը, նշում է, որ նման սպանություններ տարվա ընթացքում տասնյակներով են լինում զորամասերում: («Դեդովշչինան» և զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքը դեռևս առկա են բանակում: Սոցիալական այս բացասական երևույթները, որոնք հաճախ դառնում են ինքնասպանության և սպանության պատճառ, դեռևս չի հաջողվել արմատախիլ անել հայկական բանակից: Նման երևույթներ առկա են նաև նախկին խորհրդային շատ հանրապետությունների բանակներում:)

«Պատճառը հիմնականում կարգուկանոնի բացակայությունն է. գործերը հիմնականում չեն բացահայտվում կամ էլ անհասկանալի լուծումներ են ստանում: Ստացվում է այնպես, որ զինվորները կամ միշտ ինքնասպանության են դիմում, կամ զինվորականի մահը անզգուշության հետևանք է»,- ասում է Սաֆարյանը:

Թերևս եզակի գործերից մեկը, որտեղ հայտնի են մեղավորները, այս աշնանը` սեպտեմբերի 2-ին, 26-ամյա Անդոկ Գալստյանի կողմից դաժան ծեծի հետևանով Վայքի զորամասում մահացած 18-ամյա Արամ Մկրտչյանինն է: Նախաքննությունը շարունակվում է, Գալստյանը գտնվում է կալանքի մեջ: