Մարդու իրավունքներ 2009. Հայաստանում դատաքննություններին առնչվող զեկույցը

Ուրբաթ (դեկտեմբերի 25-ին) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը ՀՀ-ում» արտահերթ զեկույցը, որում տարբեր դատական գործերի վերլուծության միջոցով ապացուցվում է, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն, և ՀՀ քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը պաշտպանված չէ:

Շուրջ 60 էջանոց զեկույցում ընդգրկված են մի քանի տարիների ընթացքում պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված դատական նիստերի մոնիթորինգի արդյունքները:

Զեկույցում առավել մեծ տեղ են զբաղեցնում 2001 թ. ի վեր սեփականության իրավունքի վեճերի (երբ «պետական կարիքներ» անվան տակ կառավարության պատվերով մարդկանց վտարեցին իրենց բնակարաններից) վերաբերյալ և 2008 թ. մարտի 1-2-ի հետընտրական բախումների հետևանքով ձերբակալված քաղաքացիների դատական գործերը:

«Ես արդեն մի քանի տարի է` բարձրաձայնում եմ, որ օտարված սեփականությանը վերաբերող դատական գործերը չափազանց վիճահարույց են, և դրանք չեն ապահովել քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը»,- ասում է օմբուդսման Արմեն Հարությունյանը:

Մարտիմեկյան դատավարությունները, ըստ Հարությունյանի, ևս լուրջ մտահոգությունների տեղիք են տվել:

«Մարտիմեկյան գործերը, ընդհանուր առմամբ, ընթացել են խախտումներով, որոնք անընդունելի են, և գրեթե բոլորը, եթե դիմեն Եվրոպական դատարան, կշահեն»,- ասում է օմբուդսմանը:

Տարեվերջին ներկայացված զեկույցը չորրորդն է պաշտպանի` այս տարվա զեկույցների շարքում: Այս տարվա մարտին ՄԻՊ գրասենյակը ներկայացրել էր իր 2008 թ. տարեկան զեկույցը, ապա` արտահերթ զեկույց բանակում առկա խնդիրների վերաբերյալ, իսկ նոյեմբերին պատրաստվել էր զեկույց քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածների իրավունքների մասին:

ՀՀ օմբուդսմանը հուսով է, որ ներկայացված բոլոր զեկույցները կարող են օգտակար լինել թե´ շահագրգիռ պետական մարմինների և թե´ քաղաքացիական հասարակության համար: