Օգնություն սպառողին. Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտն առաջին տարում հաջողություն է գրանցում

Օգնություն  սպառողին. Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտն առաջին տարում հաջողություն է գրանցում

Photolure

Ֆինանսական հաստատությունների ու սպառողների միջև հաշտարարի դեր կատարող Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտը (հիմնադրվել է ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ) իր գործունեության մեկ տարին ամփոփեց հուսադրող ցուցանիշներով:

Հիմնադրման մեկամյակի միջոցառմանը Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն ուրախությամբ ընդգծեց, որ 2009-ի սկզբի համեմատությամբ տարեվերջին նրանք 4 անգամ ավելի շատ դիմում են ստացել:

«Մեր կողմից վերջնական քննություն անցած դիմումների 70 տոկոսը լուծվել է հաճախորդների օգտին փոխզիջման տարբերակով, որով մենք հավատարիմ ենք մնացել մեր որդեգրած քաղաքականությանը` վեճը լուծել կողմերի հաշտեցման, այլ ոչ թե պարտադիր բնույթ կրող որոշման կայացման միջոցով»,- հայտարարեց Սարգսյանը:

2009-ի հունվարի 24-ից գործող Հաշտարարի գրասենյակն անցյալ տարվա ընթացքում ստացել է 378 բողոք, որից քննության ենթակա են եղել ավելի քան 100-ը: Քննված գործերից գրեթե 40-ի դեպքում պահանջը բավարարվել է սպառողների օգտին, որի արդյունքում հաճախորդներին հատուցվել է ավելի քան 23,5 մլն դրամ (ավելի քան 63 000 դոլար):

Ամենամեծ հատուցումը ստացել է վանաձորցի Սիլվա Հարությունյանը` 3 մլն դրամ (գրեթե 8000 դոլար) մեքենայի ապահովագրության դիմաց ապահովագրական ընկերությունից, որը մինչև հաշտարարի միջամտությունը հրաժարվում էր հատուցումից:

«Մենք ուղղակի դիմեցինք, ու մեր համար կարծես հրաշք կատարվեց. մեզ տվեցին մեր հասանելիք 3 մլն դրամը»,- նշում է Հարությունյանը:

Հայաստանի քաղաքացիների ֆինանսական հարցերում գրագիտության պակասի մասին վկայում են շատերը:

ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ Արարատ Ղուկասյանը նշում է, որ, օրինակ` «ոչ միշտ է հաճախորդը մանրամասն ուսումնասիրում բանկի կողմից պայմանագրում իրեն առաջադրվող պայմանները»:

Ընդ որում, հաշտարարի գրասենյակում ընդգծում են, որ քաղաքացին չի կարող ու պարտավոր չէ փաստաբանին հավասար գիտելիքներ ունենալ:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանի մեկնաբանությամբ` ոլորտում շատ բացեր կան, որոնք ոտնահարում են սպառողների իրավունքները.

«Բանկերը հաճախ բավարար կերպով չեն տեղեկացնում իրենց հաճախորդներին նրանց իրավունքների մասին, օրինակ` չեն ասում, որ եթե վարկի վերադարձելիության խնդիր կա, ապա գոնե փոքր գումար մուծելու դեպքում գրավի աճուրդը հետաձգվում է»: