Սպորտ. Հայաստանի եռագույնը Վանկուվերի օլիմպիական խաղերում, իսկ Երևանը հյուրընկալում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը

Կանադայի արևմտյան առափնյա քաղաքում կազմակերպված 21-րդ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հայ մարզիկների փոքրաթիվ պատվիրակությունը (ինչպես միշտ` այբբենական կարգով) Վանկուվերի փակ մարզադաշտում տարբեր երկրներ ներկայացնող մարզիկների շքերթում առաջիններից էր: Ծաղկաձորից 22-ամյա լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանին էր վստահված պետական դրոշը տանելու պատիվը:

Հայաստանում ձմեռային մարզաձևերի երկրպագուները կարողացան ուղիղ հեռարձակմամբ հետևել բացման դիտարժան արարողությանը շաբաթ առավոտյան` 13 ժամ տարբերության պատճառով: Մարզական հաղորդման հեռարձակման համար նման վաղ ժամն այստեղ անսովոր է: Շատերը հետո բողոքում էին, որ բաց էին թողել արարողությանը ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորությունը և կարողացել էին ընդամենն առանձին հատվածներ դիտել լրատվական հետագա հաղորդումներում:

Արարողությունը, ինչ-որ առումով, ստվերեց 21-ամյա վրացի սահնակորդ Նոդար Կումարիթաշվիլիի ողբերգական մահը` օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ` մարզումների ժամանակ: «ԲիՍի Փլեյսում»-ում, որն ընտրվել է օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններն անցկացնելու համար, մարզասերները ներկա գտնվեցին սրտաճմլիկ տեսարանի, երբ մարզիկի թիմակիցները երթով անցան մարզադաշտով: Երբ Վրաստանի յոթ հոգանոց պատվիրակությունը դուրս եկավ, ներկաների տոնական տրամադրությունը տեղի տվեց տխրության. ի հիշատակ զոհված մարզիկի մարդիկ ոտքի կանգնեցին:

Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև մարտի 1-ը: Չորս տարին մեկ անցկացվող խաղերին այս տարի կմասնակցեն 85 երկիր ներկայացնող 5000 մարզիկ, որոնք կմրցեն 15 մարզաձևերում` ընդհանուր թվով 86 մեդալի համար:

Ինչպես միշտ, ձմեռային օլիմպիական այս խաղերում ևս ուժեղ մարզիկներ են ներկայացրել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, սկանդինավյան երկրները և այլն: Ինչպես կարծում են Հայաստանի սպորտի ղեկավարները, երկիրը ներկայացնող չորս մարզիկներից (երկուսը մրցավազքային դահուկորդ, երկուսը` լեռնադահուկորդ) և ոչ մեկը մեդալի հավակնորդ չէ:

Հայաստանի համար առաջին մրցութային օրը փետրվարի 15-ին է: Այդ օրը հանդես կգա Սերգեյ Միքայելյանը 15 կմ մրցավազքում (Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այդ մրցումները կցուցադրվեն երկուշաբթի` տեղական ժամանակով 22:00-ին, իսկ օրագրերը` հաջորդ օրը` 14:20-ին): Այնուհետև նույն մարզաձևում կանանց մրցապայքարում հանդես կգա Քրիստինե Խաչատրյանը: Փետրվարի 21-ին և 27-ին հայ լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը և Անի-Մաթիլդա Սերեբրակյանը կմրցեն, համապատասխանաբար, կանանց և տղամարդկանց ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մարզաձևերում:

Անկախությունից հետո Հայաստանի հավաքականը հինգերորդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին (առաջինը` 1994 թ. Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում): Ձմեռային մարզաձևերում Հայաստանը, որպես կանոն, շոշափելի արդյունքներ չի ունեցել: 2006 թ. Իտալիայի Թուրին քաղաքում կազմակերպված ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը, այս տարվա նման, ներկայացնում էին դահուկորդներ և լեռնադահուկորդներ, ինչպես նաև` մեկ զույգ գեղասահորդներ:

Մինչ այդ, անցյալ շաբաթավերջին Հայաստանում ընթանում է ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար, որը կարծես հայ մարզասերների ուշադրությունն ավելի էր գրավել, քան հեռավոր Վանկուվերում ընթացող օլիմպիական խաղերը: Ինը երկրից ըմբիշները եկել էին Երևան` մասնակցելու հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Ամենամյա այս մրցույթի կազմակերպումը վստահվել է Հայաստանին: Խաղարկությանը մասնակցում էին հյուրընկալող կողմ հանդիսացող Հայաստանը, Իրանը, Կուբան, Թուրքիան, Հունգարիան, Ռուսաստանը, Վրաստանը, ինչպես նաև Շվեդիայի և Դանիայի միասնական հավաքականը (սկանդինավյան թիմը):

Շաբաթ` գավաթի խաղարկության առաջին օրը, հայ ըմբիշները 7:0 հաշվով թիմային հաշվարկով հաղթեցին սկանդինավյան երկրների միացյալ հավաքականին` հուրախություն Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հավաքված բազմաթիվ մարզասերների, որոնք եկել էին աջակցելու իրենց թիմին: Սակայն հաջորդ օրը Լևոն Ջուլֆալակյանի սաները պարտվեցին իրանցիներին, որոնք այնուհետև հաղթելով Թուրքիայի ընտրանուն` նվաճեցին ոսկե մեդալ: Բրոնզի համար թեժ մրցապայքարում Հայաստանը 4:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին` շնորհիվ թիմային պայքարը եզրափակող Յուրի Պատրիկեևի հաղթանակի: