Օլիմպիական խաղեր 2010. հայաստանցի լեռնադահուկորդը չի հատում Վանկուվերի զառիթափի եզրագիծը

Փետրվարի 12-ին մեկնարկած 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պաշտոնական դրոշակակիրը մինչև այս երեքշաբթի դեռ չէր մասնակցել Վանկուվերում անցկացվող խաղերին: Սակայն հայաստանցի մարզիկը հսկա ոլորավայրէջք մրցաձևում, որին մասնակցում էին 102 լեռնադահուկորդ, ձախողեց իր մրցելույթը:

22-ամյա ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանն արդեն բավական հետ էր մնացել Վիսլեր Քրիքսայդում մրցող առաջատար 30 մարզիկներից, երբ մրցավազքի կեսից սկսեց սայթաքել: Ներսիսյանը և մրցավազքին մասնակցող մոտ 10 լեռնադահուկորդ վայր ընկան մրցելույթի ընթացքում: Մասնագետները նախքան մրցավազքի մեկնարկը քննարկում էին վազքուղու համապատասխանության հարցը` եղանակով պայմանավորված: Թեև Ներսիսյանը չհատեց սահմանագիծը, երկու մարզիկ նույնիսկ չմեկնարկեցին:

Փետրվարի 27-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) Ներսիսյանը այս օլիմպիական խաղերում մեկ անգամ ևս հանդես կգա, այս անգամ` ոլորավայրէջք մրցաձևում:

Ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մինչ այդ, ծագումով ամերիկացի Հայաստանի ներկայացուցիչ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը` Սան Ֆրանցիսկոյի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհին, կմրցի հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մրցաձևերում, համապատասխանաբար, փետրվարի 24-ին և 26-ին (երկու մրցաձևերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին):

Օլիմպիական խաղերի դահուկավազքային մարզաձևում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներ իրենց մրցելույթներն ավարտեցին` բավական հետ մնալով առաջատարներից:

Երկուշաբթի լավատեսորեն տրամադրված գյումրեցի 20-ամյա Քրիստինե Խաչատրյանը 10 կմ կանանց դահուկավազքին մասնակցող 78 մասնակիցների շարքում իր մրցելույթն ավարտեց 76-րդը (34:17,5 արդյունքով):

Նույն օրը Աշոցքից 17-ամյա Սերգեյ Միքայելյանը 15 կմ տղամարդկանց դահուկավազքում ավելի հաջող հանդես եկավ` 95 մասնակիցների շարքում մրցելույթն ավարտելով 70-րդը (37:58,9 արդյունքով)` հետ մնալով շվեյցարիացի առաջատարից 4:22,6 րոպեով:

(21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասին մանրամասն կարդացե´ք պաշտոնական կայքում :)