Օլիմպիական խաղեր 2010. մեկ այլ հայազգի լեռնադահուկորդ չհատեց եզրագիծը Վանկուվերում

Հայաստանը ներկայացնող ծնունդով ամերիկացի Անի-Մաթիլդա Սերեբրակյանը հետևեց ծաղկաձորցի իր թիմակցի օրինակին, երբ չորեքշաբթի Վանկուվերում հսկա ոլորավայրէջք մրցաձևում չկարողացավ հատել եզրագիծը:

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհին հայտնվեց այն 17 մարզուհիների թվում, որոնք Վիսլեր Քրիքսայդում անցկացվող մրցումներում չկարողացան հասնել եզրագծին: Այս մրցաձևում մասնակցում էին ընդհանուր հաշվով 86 մարզուհի: Կանադայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող չորս մարզիկներից Սերեբրակյանը վերջինն էր:

Խաղերի ամբողջական արդյունքներին ծանոթացեք այստեղ:

Նախորդ օրը Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ` 22-ամյա Արսեն Ներսիսյանը, տղամարդկանց հսկա ոլորավայրէջք մրցաձևում, որին մասնակցում էին ավելի քան հարյուր մարզիկ, նույնպես չէր հատել եզրագիծը:

Սերեբրակյանը և Ներսիսյանն ընթացիկ օլիմպիական խաղերում հանդես են գալու մեկ անգամ ևս` արդեն ոլորավայրէջք մրցաձևում, համապատասխանաբար, փետրվարի 26-ին և 27-ին:

Դահուկավազք մրցաձևում երկու հայազգի մարզիկներն էլ իրենց մրցելույթներն ավարտեցին` բավական հետ մնալով եզրափակիչ անցած մարզիկներից:

Փետրվարի 15-ին լավատեսորեն տրամադրված գյումրեցի 20-ամյա Քրիստինե Խաչատրյանը 10 կմ կանանց դահուկավազքին մասնակցող 78 մասնակիցների թվում իր մրցելույթն ավարտեց 76-րդը (34:17,5 արդյունքով):

Նույն օրը Աշոցքից 17-ամյա Սերգեյ Միքայելյանը 15 կմ տղամարդկանց դահուկավազքում ավելի հաջող հանդես եկավ` 95 մասնակիցների թվում իր մրցելույթն ավարտելով 70-րդը (37:58,9 արդյունքով)` 4:22,6 րոպեով հետ մնալով շվեյցարիացի առաջատարից:

(21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասին մանրամասն կարդացե´ք պաշտոնական կայքում :)