Օլիմպիական խաղեր 2010. մրցավարները չհաշվեցին Վանկուվերում եզրագիծը հատած միակ հայ մարզիկի մրցելույթը

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ծնունդով ամերիկացի լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը ուրբաթ կանանց ոլորավայրէջք մրցաձևում հաղթահարեց դժվարին վայրէջքը` միայն իմանալու համար, որ իր ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ մրցավարները չէին հաշվել նրա մրցելույթը: Սան Ֆրանցիսկոյի համալսարանի 21-ամյա երկրորդ կուրսեցու համար Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում սա եզրագիծը հատած մրցակիցների շարքում հայտնվելու երկրորդ փորձի ձախողումն էր:

Մրցավարների այս որոշման պատճառով (հայաստանցի լեռնադահուկորդը ոլորավայրէջքի ընթացքում սխալ էր թույլ տվել) Սերեբրակյանը 87 մասնակիցների թվում կզբաղեցնի 68-րդ տեղը: Մրցաձևի 16 մասնակիցներ կամ չէին կարողացել ավարտել իրենց մրցելույթները, կամ էլ Սերեբրակյանի բախտին էին արժանացել: (Մրցաշարի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.vancouver2010.com/olympic-alpine-skiing/schedule-and-results/ladies-slalom-1st-run_asw020101Hv.html))

Փետրվարի 24-ին Վիսլեր Քրիքսայդում`հսկա ոլորավայրէջք մրցաձևի իր նախորդ մրցելույթում, Սերեբրակյանը չէր հատել եզրագիծը: Նախորդ օրը նրա թիմակից Արսեն Ներսիսյանին նույնպես չէր հաջողվել հատել եզրագիծը:

22-ամյա ծաղկաձորցի մարզիկը տղամարդկանց ոլորավայրէջք մրցաձևում արժանացել էր Սերեբրակյանի բախտին, և շաբաթ նրա մրցելույթը մրցավարները չէին հաշվել: Նա հայտնվեց չորս մարզիկների թվում, որոնց մրցելույթը չէր հաշվվել: Եվս 43 դահուկորդ չէին հատել եզրագիծը, իսկ մեկը չէր էլ մեկնարկել:

(Մրցաշարային ամբողջական աղյուսակին ծանոթացեք այստեղ` http://www.vancouver2010.com/olympic-alpine-skiing/schedule-and-results/mens-slalom-1st-run_asm020101Je.html))

Երկու հայազգի դահուկորդներ էլ ավարտեցին դահուկավազք մրցաձևում իրենց մրցելույթները` բավական հետ մնալով առաջատար մարզիկներից:

Փետրվարի 15-ին կանանց 10 կմ դահուկավազքում գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը 78 մասնակիցների մեջ իր մրցելույթն ավարտեց 76-րդը (34:17,5 ժամանակում):

Նույն օրը Սերգեյ Միքայելյանն ավելի հաջող հանդես եկավ տղամարդկանց 15 կիլոմետրանոց դահուկավազքում: 17-ամյա հայազգի մարզիկը, որը Հայաստանի ամենացուրտ շրջանից` Աշոցքից է, 95 մասնակիցների մեջ 70-րդն էր: Միքայելյանը ցույց տվեց 37:58,9 րոպե արդյունք` 4:22,6 րոպեով հետ մնալով այս մարզաձևում հաղթող ճանաչված Շվեյցարիայի ներկայացուցչից:

(21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի, այդ թվում` Հայաստանի հավաքականի մասին ամբողջական տեղեկություններ կարելի է ստանալ օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում` www.vancouver2010.com)