ԱՄՆ սնոուբորդիստները գալիս են Հայաստան որպես սպորտի դեսպանորդներ

ԱՄՆ պետդեպարտամենտի կրթության և մշակույթի հարցերով «ՍպորցՅունայթիդ» գրասենյակը` «Քվիքսիլվերի» ապրանքանիշը հանդիսացող «Ռոքսիի» հետ համագործակցությամբ, 2010 թ. մարտի 3-7-ը Հայաստանում կիրականացնի «Սպորտային դեսպանորդություն» ծրագիր: Հմուտ սնոուբորդիստ, «Ռոքսի» թիմի անդամներ Ամբեր Ստեքհաուսը և Էրին Քոմսթոքն «էքշըն» մարզաձևը ներկայացնող առաջին մարզիկներն են, որոնց «ՍպորցՅունայթիդ»-ը, որպես սպորտի դեսպանորդներ, գործուղում է արտասահման:

Հնգօրյա ուղևորության ընթացքում Ստեքհաուսը և Քոմսթոքը կայցելեն Երևան և Ծաղկաձոր: Երևանում սպորտի դեսպանորդները կհանդիպեն միջին դպրոցի աշակերտների, ռեժիսոր ուսանողների և կին մարզիկների հետ` քննարկելու կանանց և աղջիկների համար սպորտով զբաղվելու կարևորությունը: Ծաղկաձորում նրանք կվարեն սնոուբորդինգի երկու դասընթացներ, հանդես կգան մրցելույթներով և որպես մրցավար կսպասարկեն մի մրցում:

Ամբեր Ստեքհաուսը 2003 թ. հաղթող է ճանաչվել «Սնոուբորդ տուրի» ոլորավայրէջք մրցաձևում (ազատ ոճ): Այդ օրից նա հղկել է իր հմտությունները` այս մարզաձևում լավագույնը ճանաչվելու համար: 2007 թ. նա պաշտպանեց իր կոչումը և ճանաչվեց Ամերիկայի թիվ մեկ սնոուբորդիստը «Սնոուբորդ տուրի» ոլորավայրէջք մարզաձևում: Սնոուբորդինգից զատ, Ստեքհաուսը կայացած ռեժիսոր է, որը մի քանի ֆիլմ է նկարահանել, այդ թվում` «Սիրո տանջանքները», «Զովացուցիչ ըմպելիքներ», ինչպես նաև կին սնոուբորդիստների մասին երկու նորարարական ֆիլմ` «Կարծես թե» և «Ռո շամ բո»:

Էրին Քոմսթոքը հմուտ սնոուբորդիստ է, որը մի շարք լուրջ հաջողությունների է հասել, այդ թվում` 2008 թ. ոլորավայրէջք մրցաձևի «Աբոմինեյբլ սնոու ջեմ» (ASJ) մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը: Վեց անգամ մասնակցել է ESPN ԱՄՆ ձմեռային X-խաղերին, ինչպես նաև բազմիցս նկարահանվել է սնոուբորդինգի մասին պատմող ֆիլմերում, այդ թվում` «Կարծես թե», «Ռո շամ Բո», «Տես իմ տեսածը», «Քշում եմ Փարք սիթիում», «Սիթի, Փարք սիթի», «Կեցվածք» և «ԼաԼաԼենդ» ֆիլմերում:

Սպորտի դեսպանորդները ծառայում են որպես իրենց մարզաձևի դեսպաններ արտասահմանյան ծրագրերում, որոնց ընթացքում անցկացվում են ուսումնական վարժանքներ և թիմ կառուցելու միջոցառումներ: Նրանք նաև երիտասարդ մասնակիցներին ներգրավում են առաջնորդի հատկանիշների կարևորության և բազմազանության նկատմամբ հարգանքին առնչվող երկխոսության մեջ:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար: