Վճարիր հիմա, վայելիր հետո. կուտակային կենսաթոշակային նոր համակարգը մտահոգությունների տեղիք է տալիս

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին Հայաստանն անցնելու է 2011 թվականին հունվարի 1-ից, բազում մտահոգություններ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ մասնագետների շրջանում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք հայտնեց, որ թեև պետությունը պարտադրում է իր քաղաքացիներին ամեն ամիս փոխանցել իրենց աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային կուտակային ֆոնդ, սակայն երաշխիք չի տրամադրում, որ, օրինակ` 25 տարի հետո քաղաքացին իր գումարը հետ կստանա:

Ներկայումս Հայաստանում 460 հազար աշխատող քաղաքացի պահում է 520 հազար քաղաքացու:

Կենսաթոշակային նոր համակարգով մինչև 40 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կուտակելու իր կենսաթոշակը: Ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվելու է պետության կողմից լիցենզավորված կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացու անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին ավելացնելու է փոխանցված գումարին հավասար գումար: Իսկ հիմնադրամները գումարները ներդնելու են արժեթղթերի շուկայում:

«Մեր արժեթղթերի շուկան ընդհանրապես չի աշխատում, եթե արժեթղթերի շուկայում հերթական անկումը լինի, ո՞վ է քաղաքացուն վերադարձնելու իր գումարները»,- հարցնում է Մեսրոբյանը, որը կարծում է, թե նախքան այս համակարգին անցնելը պետք է ունենալ կայացած արժեթղթերի շուկա:

Մեսրոբյանը նաև կարծում է, որ համակարգին անցնելը պետք է ոչ թե պարտադիր լինի, այլ կամավոր, որպեսզի կամավոր կուտակային համակարգին անցած քաղաքացիները հասկանան, թե ինչ ռիսկեր ու օգուտներ կարող են իրենք ունենալ:

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանն էլ ասում է, որ արժեթղթերի շուկան վերջին տարիներին արդեն զարգանում է Հայաստանում, և նույնիսկ կենսաթոշակային ֆոնդերի սնանկացման դեպքում քաղաքացին իր կուտակած փողը չի կորցնի, քանի որ դրանք վերադարձնելու մեխանիզմներ կմշակվեն: