Թոշակներ և սակագներ. կառավարությունը բարձրացնում է կենսաթոշակը` «մեղմելու սոցիալական խնդիրները»

Հինգշաբթի`մարտի 25-ին, կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել նպաստներն ու թոշակները համապատասխանաբար 15 և 11 տոկոսով` այսպիսով փորձելով մեղմել գազի սակագների ապրիլմեկյան 37,5 տոկոսով թանկացման և գնաճի հետևանքով առաջացած սոցիալական լարվածությունը:

Թոշակառուների բազային կենսաթոշակը կավելանա 2500 դրամով (6 դոլար) և նախկին 8000-ի փոխարեն կկազմի 10500 (մոտ 27 դոլար): Իսկ սոցիալական նպաստները կավելանան 3000 դրամով (մոտ 8 դոլար):

«Մենք գործ ունենք ոչ միայն գազի գների բարձրացման հետ, այլ ընդհանրապես գնաճի բարձր մակարդակի։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը հայտնվել է բարձր գնաճային փուլում, որից պետք է դուրս գալ։ Կենտրոնական բանկի և կառավարության համատեղ միջոցառումների շնորհիվ մենք պետք է կարողանանք զսպել գնաճային ճնշումները»,- նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետը` ավելացնելով, որ այս որոշումները կարող են մեղմել սոցիալական խնդիրները։

Իսկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ նշեց, որ նպաստների և թոշակների բարձրացման համար պետական բյուջեից կպահանջվեն 6-6,5 միլիարդ դրամի (մոտ 15 մլն դոլար) չափով լրացուցիչ հատկացումներ:

Ըստ ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի` այս քայլը միայն փոքր-ինչ կնվազեցնի գազի, ջրի սակագների բարձրացման պատճառով առաջացած բացասական հետևանքները:

Նրա կարծիքով`սակագների բարձրացումն ազդել է ոչ միայն բնակչության, այլև փոքր և միջին բիզնեսի վրա: Մինասյանը քննադատում է կառավարության այն պնդումները, թե թոշակների, նպաստների և աշխատավարձերի ավելի մեծածավալ բարձրացումները կբերեն շղթայական գնաճի, քանի որ լրացուցիչ ֆինանսներ են ներարկվում տնտեսության մեջ:

«Գնաճի զսպման բազմաթիվ այլ մեխանիզմներ կան, որոնք այսօր, ցավոք, ո´չ կառավարությունը, ո´չ Կենտրոնական բանկը չեն կիրառում: Դա համակարգային քաղաքականություն է և կախված չէ մեկ գործոնից: Կառավարությանը կառաջարկեմ գնաճի առկայությունը չբարդել թոշակների, նպաստների բարձրացման վրա, այն էլ` այնպիսի բարձրացման, որը չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ»,- ասում է Մինասյանը: