Առաջին հաղթանակը. տափօղակով հոկեյի առաջնությունում Հայաստանը պարտության է մատնում Հարավաֆրիկյան Հանրապետությանը

Չորեքշաբթի երեկոյան տափօղակով հոկեյի միջազգային վարկանիշով ամենաթույլ հավաքականը` Հայաստանը, վճռական պարտության մատնեց Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին` հաղթանակի բերկրանք պարգևելով բազմաթիվ մարզասերների, որոնք հավաքվել էին Երևանի մարզասրահում, որտեղ անցկացվում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (ՏՀՄՖ) 2010 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը:

Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հայ հոկեյիստների` 9:2 վերջնական հաշվով (4:1, 3:1, 2:0) տարած հաղթանակը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ էր մրցակցից: Առաջին մրցափուլի մյուս հանդիպմանը Հյուսիսային Կորեան 22:1 հաշվով հաղթեց Մոնղոլիային:

Հինգշաբթի երեկոյան Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Հյուսիսային Կորեայի հավաքականը: (Առաջնության արդյունքներին և մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ՏՀՄՖ-ի պաշտոնական կայքում).

ՏՀՄՖ-ի առաջնություններում երրորդ դիվիզիոնն ամենաթույլն է և բաժանված է երկու ենթախմբերի՝ Ա և Բ, որոնք հավասար կարգավիճակում են: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված հավաքականներն ամեն տարի մասնակցում են մրցաշարերի` պայքարելով ավելի բարձր խումբ անցնելու համար: ՏՀՄՖ-ի հիմնական առաջնությանը մասնակցում է 16 երկիր, որոնք ներկայացնում են տափօղակով հոկեյի ուժեղագույն հավաքականները, այդ թվում` Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի Հանրապետության, Սլովակիայի և այլ երկրների ընտրանիները:

Հայաստանը 1999 թ. ՏՀՄՖ անդամ է: Ներկայումս Հայաստանի տղամարդկանց հիմնական հավաքականը պաշտոնապես վերջինն է 48 անդամ երկրների մեջ: (Աղյուսակն ամբողջությամբ կարդացե´ք այստեղ).

2005 թ. աշխարհի երրորդ դիվիզիոնի առաջնության ժամանակ կրած ծանր պարտությունից (ներառյալ` 0:48 հաշվով Մեքսիկայից կրած պարտությունը) հետո Հայաստանը փոքր-ինչ բարելավեց դիրքերը` տանելով մի քանի հաղթանակ, ի թիվս որոնց` 2006 թ. Իռլանդիայի (6:0) և Լյուքսեմբուրգի (10:6) նկատմամբ: Հենց այդ տարի Հայաստանն իր ամենաբարձր տեղը զբաղեցրեց հինգ երկրների մասնակցությամբ դիվիզիոնում` հանգրվանելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում և ձեռքից բաց թողնելով ավելի բարձր դիվիզիոն անցնելու հնարավորությունը: