Հետևելով տափօղակին. հայերը միջազգային հոկեյի համը տեսան

Հայաստանում հոկեյ մարզաձևը զարգացած չէ, բայց արդեն 7 տարի է, ինչ գործում են հոկեյի ֆեդերացիա և թիմ, որը պարբերաբար մասնակցում է աշխարհի առաջնության խաղերին: Այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (ՏՀՄՖ) 2010 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը:

«Արդեն երկու տարի Հայաստանում գործող «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրի սահադաշտը մեզ հնարավորություն տվեց խաղերն անցկացնել Հայաստանում»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը:

Սահադաշտը հնարավորություն է տվել նաև հոկեյի հատուկ դպրոց բացելու Հայաստանում, որտեղ մարզվում են 6-12 տարեկան երեխաներ: Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելն ու նման դպրոցի գոյությունը Ջաղացպանյանի մեջ հույսեր են արթնացրել, որ հոկեյը կզարգանա նաև Հայաստանում, որը, սակայն, ժամանակին լինելով Խորհրդային Միության անդամ երկիր, ոչ մի հոկեյիստ չի տվել «Մեծ կարմիր մեքենային»:

Ընթացիկ առաջնությունը (ապրիլի 14-18) հովանավորում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ), բայց ձմեռային օլիմպիական մարզաձևի` հոկեյի զարգացման համար այս կառույցը դեռ ստույգ քայլեր չի ձեռնարկում, միգուցե նրա համար, որ հոկեյն ամբողջ աշխարհում համարվում է բավական թանկ մարզաձև. միայն մեկ մարզահագուստն արժե 500-2000 դոլար:

Մոտ 18-30 տարեկան 40-ից ավելի անդամ ունեցող թիմի առաջատար խաղացողներից Մանուկ Բալյանը «ԱրմենիաՆաուին» պատմում է, որ իրենց թիմի մեծ մասը բնակվում է ԱՄՆ տարբեր նահանգներում և մարզումներն անցկացնում է հենց այնտեղ, քանի որ Հայաստանում ապահովված չեն համապատասխան կազմակերպչական պայմաններ:

«Ես և թիմի ևս 14 անդամներ բնակվում և մարզվում ենք Լոս Անջելես քաղաքում, որտեղ շաբաթական նվազագույնը 3 պարապմունք ենք ունենում բարձրակարգ մարզչի հետ: Եթե այստեղ [Հայաստանում] կարողանան տրամադրել համապատասխան մարզահագուստ ու լավ մարզիչներ, մենք պատրաստ ենք մարզվելու հենց Հայաստանում ու զարգացնել այս մարզաձևն այստեղ»,- ասում է 30-ամյա Բալյանը:

Մինչ այդ պայմանների ստեղծումը և Հայաստանում հոկեյ զարգացնելու երազանքն ի կատար ածելը` իրականանում է հոկեյի մարզասերների` Հայաստանում հոկեյ դիտելու երազանքը:

«Մենք որ գնում էինք [մարզադաշտ], չէինք կարծում, որ ամեն ինչ այդքան լավ կստացվի, ու կվայելենք ինչպես հաղթանակ, այնպես էլ գեղեցիկ խաղ»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, որը շատ մարզասերների նման եկել էր դիտելու Երևանի մարզադահլիճում Հայաստանի հավաքականի խաղը:

Նա և իրենց խմբի մոտ 150 անդամ զբաղեցրել էին երկրպագուների նստարանը Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականների խաղի ժամանակ, երբ Հայաստանի թիմը 9:2 հաշվով պարտության մատնեց մրցակցին:

«Մենք այնքան ենք սովորել մտածել միայն քաղաքականության ու նման հարցերի ուղղությամբ, որ սպորտային նման հանդիպման ականատես լինելը մեզ համար մեծ ցնծություն էր»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց Ենգիբարյանը:

Թեև «Կարեն Դեմիրճյան» մարզասրահում հայերի խաղը եկել էին դիտելու բազմաթիվ մարզասերներ, նրանցից քչերը դեռևս գիտեն տափօղակով հոկեյի բարդ կանոնները: Զավեշտալի դեպքեր եղան, երբ որոշ մարզասերներ` չիմանալով, որ, ի տարբերություն ֆուտբոլի, հոկեյը բաղկացած է երեք խաղակեսից, երկրորդի ավարտից հետո սկսեցին լքել մարզադահլիճը` կարծելով, թե խաղն ավարտվել է: Սակայն շատերն ասում են, որ տեղեկացել են խաղի կանոններին, և նրանց մեջ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացել խաղի նկատմամբ:

Հինգշաբթի լարված պայքարում Հայաստանը 7:6 հաշվով հաղթեց Հյուսիսային Կորեայի հավաքականին, իսկ Հարավային Աֆրիկան պարտության մատնեց Մոնղոլիայի ընտրանուն (12:1):

Տափօղակով հոկեյի սիրահարները դեռևս երկու օր ունեն վայելելու իրեց սիրած մարզաձևը Երևանում: Մուտքն անվճար է կամ հրավիրատոմսերով:

Ապրիլի 17-ին` ժամը 16:00-ին, հանդիպելու են Հյուսիսային Կորեայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները, իսկ ժամը 20:00-ին` Հայաստանը և Մոնղոլիան: Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, կանցկացվեն երրորդ, իսկ ժամը 20:00-ին`առաջին տեղի համար խաղերը: