Ինքնասպանություն քննության պատճառո՞վ. աղջնակն ինքնասպանություն է գործել` ենթադրաբար քննությունից ցածր միավոր ստանալու պատճառով

Հայաստանում սովորաբար մեծ լարվածությամբ անցկացվող բուհական ընդունելության քննություններն անցյալ շաբաթվա վերջին մռայլվեցին, երբ Երևանում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունից անբավարար ստացած դիմորդն ինքնասպանություն գործեց: Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ դիմորդն ինքնասպանություն է գործում քննության ցածր գնահատականի պատճառով:

17-ամյա Գոհար Մարտիրոսյանը, որը սովորում էր Շենգավիթ համայնքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում, հունիսի 4-ին կայացած քննությունից 7,5 միավոր (անցողիկ միավոր է համարվում 8-ը) ստանալուց հետո ցած էր նետվել 7-րդ հարկի պատշգամբից:

Պատասխանները Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են ժամը 14:00-ից հետո, իսկ դեպքի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել ժամը 16:00-ին: Գործը դեռ նախաքննության ընթացքում է:

Թիվ 12 դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Մարտիրոսյանը որևէ հոգեկան շեղում չի ունեցել, եղել է կենսուրախ անձնավորություն, նրա ընտանիքն էլ բնութագրեց որպես «նորմալ ընտանիք»:

ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության (զբաղվում է անչափահասների հարցերով) պետի տեղակալ Նելլի Դուրյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ 2009-ի տվյալներով` Հայաստանում ինքնասպան է եղել 28 անչափահաս` հիմնականում կենցաղային և դժբախտ սիրո պատճառով: Անցյալ տարի ինքնասպանության մեկ դեպք էլ գրանցվել է կրոնական հողի վրա: