Սխալ գրքե՞ր, թե՞ սխալ թեստեր. դիմորդները բողոքում են, որ դասագրքերի բովանդակությունը չի համապատասխանում քննական թեստերի նյութերին

Այս տարվա բուհական քննություններին մասնակցող դիմորդները բողոքում են, որ դասագրքերի բովանդակությունը չի համապատասխանում քննական թեստերի նյութերին: Խնդիրը մեծ աղմուկ է հանել, սակայն դասագրքերի հեղինակներն ու հրատարակիչներն էլ իրենց կարծիքն ունեն:


Օրինակ` դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվող «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը կարծում է, որ խնդիրը կապված է ոչ թե դասագրքերի բովանդակության, այլ քննական թեստերի բարդության հետ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է լինում դիմել կրկնուսույցի օգնությանը:

«Այդ բուհեր ընդունվելու ձեռնարկները պետք է կազմվեն դասագրքերին համապատասխան, և ոչ թե մենք մտածենք, թե ինչ նյութեր տեղադրենք դասագրքերում, որ բուհական թեստերին համապատասխանեն»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց Մկրտչյանը:

Նրա կարծիքով` այժմ ավելի առաջնահերթ է մտածել բարդ, ակադեմիական լեզվով գրված դասագրքերը մատչելի լեզվով վերաշարադրելու մասին: 400-ից ավելի դասագրքերի հրատարակության մեջ տեխնոլոգիական, բնագիտական և այլ ոլորտի գրքերը կարդալու և հասկանալու համար երեխաներին հաճախ չի էլ օգնում ծնողի բարձրագույն կրթությունը:

Խնդիրը լուծելու համար նույնիսկ ստեղծվել է հատուկ կայք` www.dasagirq.am բոլոր շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, որտեղ տեղադրված են իրենց առաջարկները:

Գրքերը մատչելի դարձնելուն կողմ են նաև ուսուցիչներն ու աշակերտները, բայց նրանց առաջին հերթին մտահոգում է այն հարցը, թե ինչու են կազմվում այնպիսի թեստեր, որոնց պատասխանները բացարձակապես բացակայում են դպրոցական դասագրքերում, օրինակ` գրականության:

«Ես կարողացել եմ [հայ] գրականության հարցերին պատասխանել միայն նրա համար, որովհետև կարդացել եմ այդ գրքերը, բայց հնարավոր է լինեին գրքեր, որոնց դու ծանոթ չես կամ չես հիշում, քանի որ հնարավոր չէ անգիր անել հաստափոր գրքերը»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է 16-ամյա Մարիամ Ներսեսյանը, որը ցանկանում է դառնալ իրավաբան:

Սակայն նա այժմ մտածում է, որ կընդունվի այլ`փիլիսոփայության ֆակուլտետ, քանի որ անգլերեն և հայերեն առարկաների քննություններից միասին հավաքել է ընդամենը 24 միավոր և դեռ պատմության քննությունն էլ պետք է հանձնի: Բացի հայոց լեզվից, մյուս բոլոր առարկաները Ներսեսյանն ինքնուրույն է պարապել, և բոլոր դեպքերում էլ իրեն պետք են եկել սեփական և ոչ դասագրքերից քաղված գիտելիքները:

Որոշ ծնողներ, մանկավարժներ և աշակերտներ ասում են, որ քննաթեստեր կազմողները, որոնցից շատերն էլ հաճախ պարապում են որպես կրկնուսույց, իրենց ծառայության դիմաց յուրաքանչյուր աշակերտի քննության նախապատրաստելու համար ամսական մինչև 160 դոլար վերցնում: