Հրմշտոց. դիմորդներն ու ծնողները բախվել են ոստիկանության աշխատակիցների հետ

Երեքշաբթի դիմորդների ու նրանց ծնողների և ոստիկանության աշխատակիցների միջև թեթև հրմշտոց է եղել «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության մեկնարկման օրը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: Ոչ ոք չի ձերբակալվել և վնասվածք ստացողներ չեն արձանագրվել:


Ականատեսների վկայությամբ` համալսարանում գտնվող քննակենտրոնի հսկիչները քննաթեստերը սահմանված ժամանակից 15 րոպե շուտ են հավաքել, ինչն էլ հարուցել է դիմորդների և ծնողների զայրույթը, որոնք, սովորության համաձայն, անհանգիստ սպասում էին քննասենյակից դուրս:

Դիմորդներից մեկն «ԱրմենիաՆաուին» ասել է, որ, ձևաթղթերը խլելով, հավաքել են իրենց ձեռքից, ծնողները զայրանալով մուտք են գործել շենք, բացատրություն պահանջել, որի հետևանքով էլ բախում է եղել նրանց ու ոստիկանների միջև, անգամ հյութի շշեր են նետել միմյանց վրա:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հերքել է այդ մեղադրանքները` ասելով, որ իրականում վեճ է եղել միայն մեկ դիմորդի ու ծնողի հետ:

«Ամեն ինչ եղել է շատ խաղաղ, ու ընդհանրապես ոչ մի բախում չի եղել: Մի դիմորդ սկսել է կողքիններին հարցեր տալ, որի համար էլ գրավորը վերցրել են: Այնուհետև նրա ծնողը ու մի քանի այլ ծնողներ, ովքեր չեն հասկացել, թե իրականում ինչ է եղել, մի քիչ զգացմունքային ձևով կոնֆլիկտ են ստեղծել, բայց ոստիկանները եկել են, ամեն ինչ խաղաղ ճանապարհով կարգավորել ու հեռացել»,- ասում է Մկրտչյանը:

Նշենք, որ այս տարվա դիմորդների թիվը մոտ 18 հազար է, իսկ պետական բուհերում հատկացված տեղերի թիվը` 20500: Բոլոր այն դիմորդները, ովքեր կստանան դրական գնահատական, կընդունվեն (կախված այն բանից, թե ո´ր ֆակուլտետ է դիմել) նախապես հայտագրված որևէ պետական բուհ: