Սովորելու դժվարությունը. Հայաստանում քննաշրջանը երևան է հանում կրթական համակարգի խնդիրները

Հայաստանում կրթության ոլորտի մասնագետների առաջ ծառացել են մի շարք խնդիրներ` կապված ընդունելության թեստերի որակի և ուսումնական ծրագրերին համապատասխանության մասին շարունակվող թեժ քննարկումների հետ: Ոմանք ասում են, թե թեստերը միտումնավոր են բարդացրել, որպեսզի այս տարի ավելի քիչ թվով դիմորդներ կարողանան բավարար գնահատական ստանալ:


Նման ենթադրությունների տեղիք է տալիս այն, որ Հայաստանը, Բոլոնիայի գործընթացի արդյունքում, անցում է կատարել 10-ամյա կրթահամակարգից 12-ամյայի, այդ իսկ պատճառով Հայաստանում 2011-ին շրջանավարտներ չեն լինի: Հետևաբար, այս տարի չընդունվածները բուհ կդիմեն գալիք տարի:

Մինչ այդ, վերջին շաբաթների ընթացքում ընդունելության քննությունները շարունակվում են ընթանալ նույն հունով:

Դիմորդներները, ծնողներն ու կրկնուսույցները բողոքում են գլուխկոտրուկի նման բարդ թեստերից, ուղեցույցներին անհամապատասխանությունից, իսկ թեստեր կազմողներն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներն անընդհատ ասում են, որ ամեն ինչ համապատասխանում է ուսումնական ծրագրերին, և թեստերում ծրագրից դուրս ոչ մի հարց ներառված չէ:

Այս տարվա միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17.665 շրջանավարտ, որը մոտ 1500 դիմորդով պակաս է անցյալ տարվա դիմորդների թվից: Այս տարի ևս դիմորդների հիմնական դժգոհությունը վերաբերում է «Հայոց լեզու և գրականություն» առարկային:

Հունիսի 4-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն է հանձնել 10.754 դիմորդ, որոնցից 1171-ը` մոտ 11 տոկոսը, չեն հաղթահարել դրական միավորի (8) շեմը: Առավելագույն` 20 միավոր է ստացել ընդամենը երկու դիմորդ (անցյալ տարի 20 միավոր էր ստացել 12 դիմորդ): Դիմորդների մեծ մասը` 7339 հոգի, ստացել է 7,5-13,25 միավոր: Այս միասնական քննության միջին միավորը 10,98-ն է:

Քննությունից անմիջապես հետո սկսվեցին բուռն քննարկումներ, մեղադրանքներ թեստերի բարդության և ժամանակի սղության վերաբերյալ:

Խաթունիկ Արամյանը, որ տարիներ շարունակ «Հայոց լեզու և գրականություն» է պարապում, այս տարի 8 աշակերտ ուներ, որոնցից ոչ մեկը, հուրախություն ուսուցչի, անբավարար գնահատական չի ստացել (ամենացածրը` 12,5, իսկ ամենաբարձրը` 15,25 միավոր):

«Սկսենք նրանից, որ քննությունները պետք է մեկ ժամով ավելացնել, դարձնել չորս ժամ»,- ասում է Արամյանը` պատճառաբանելով, որ 3 ժամում դիմորդները չեն հասցնում մինչև վերջ պատասխանել բոլոր 80 հարցերին:

Հունիսի 16-ին կայացած ասուլիսին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, այս բողոքներին ի պատասխան ասաց, որ այդ հարցը շատ երկար է քննարկվել, և երեք ժամի մասին որոշումն ընդունվել է քննության կազմակերպիչների կողմից արված հատուկ հետազոտությունների հիման վրա:

«Այս երեք տարվա քննությունների ժամանակ բոլոր տեսակի կազմակերպիչները մատնանշում են, որ երեք ժամից հետո ոչ մի երեխա չի աշխատում: Չորրորդ ժամը դառնում է անկառավարելի, չորրորդ ժամը դիմորդների մեծ մասն օգտագործում է այստեղից-այնտեղից ինչ-որ բան կորզելու համար»,- ասում է Մկրտչյանը:

Արամյանն ասում է, որ արդեն չորս տարի շարունակ թեստերի ուղեցույցն առանց փոփոխությունների է կազմվում, մինչդեռ թեստերն ամեն տարի փոխվում են, և չեն համապատասխանում ուղեցույցի պահանջներին:

Նույն կարծիքին է նաև ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը:

«Մեծ անջպետ կա ծրագիր-դասագիրք-ուղեցույց-թեստ հարցերի միջև: Այլ բան է ասում ծրագիրը, այլ բան է ասում դասագրքում եղածը, այլ է ուղեցույցը, և այլ են թեստերը»,-ասում է Ստեփանյանը:

Արամյանը նաև ասում է, որ թեստերի առաջադրանքները միտումնավոր խճճված են, իսկ պահանջներն այնպես են ձևակերպված, որ դիմորդը դրանք հասկանալու համար պետք է երկար մտածի:

Այս տարվա թեստերի հեղինակներ Աշխեն Ջրբաշյանը և Փառանձեմ Մեյթիխանյանը քննադատվեցին նաև թեստերում տեղ գտած մի շարք երկվությունների պատճառով: Ի դեպ, նրանք առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից` ասելով, որ իրենց կարծիքն ու ասելիքը կասեն քննություններն ամփոփելուց հետո միայն:

Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հայտարարեց, որ երկվությունների պատճառով դիմորդների գնահատականները 0,5-1 բալով կբարձրացվեն:

Համենայն դեպս, այս տարվա դիմորդների մեծ մասը, այսպես թե այնպես, դրական գնահատական ստանալու դեպքում կընդունվի բուհ (կախված ֆակուլտետից), քանի որ 18 000 դիմորդի դիմաց պետական բուհերում 20 500 տեղ է հատկացված: Բոլոր նրանք, ում այս տարի բախտը չի ժպտա, կարող են իրենց բախտը փորձել հաջորդ տարի, երբ նման թեժ մրցակցություն չի լինի: 12-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով Հայաստանում 2011-ին շրջանավարտներ չեն լինի: