ԱԺ-ն քննարկում է օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը, որի դեմ բողոքի ալիքն ավելի է բարձրանում

Չնայած ընդդիմության և հասարակության շրջանում վերսկսված քննադատությանը`չորեքշաբթի Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով նախատեսվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, որտեղ դասավանդումը հիմնականում իրականացվելու է որևէ օտար լեզվով:

Մինչ խորհրդարանականները քննարկում էին օրինագիծը, կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության խմբի անդամները:

Օրենքի նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն, որով նախկին 15 դպրոցների փոխարեն նախատեսվում է բացել 11 դպրոց, որոնցից 9-ում օտար լեզվով առարկաները կդասավանդվեն 9-րդ դասարանից: Մյուս երկուսը կլինեն մասնավոր, որոնք կբացվեն Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում, որտեղ առարկաներն օտար լեզվով կդասավանդվեն 7-րդ դասարանից։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների օրինագծին։

«Քանի դեռ Հայաստանում չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող կառավարման համակարգ, ազատ դատական համակարգ և ազատ խոսք, քանի դեռ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, որևէ օրենքի փոփոխությամբ չի հաջողվի նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխանող երկու դպրոց բացել»,- ասաց դպրոցի նախկին տնօրեն Բախշյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ չկատարել։

«Իմ սիրելի հանրապետական ընկերնե´ր, կարծում եմ, որ դուք չեք մտածում, որ շարունակ մնալու եք իշխանության մեջ։ Մենք չենք կարող կանխատեսել՝ ի՞նչ քաղաքական ուժ կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը, ինչպես նաև չենք կարող կանխատեսել, թե այդ հիպոթետիկ քաղաքական ուժը ինչպե՞ս կօգտագործի օրենքի այդ սողանցքը։ Եթե այս ուղղությամբ որևէ փոփոխություն չարվի, ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

ԱԺ-ն օրինագծի քննարկումը հետաձգեց մինչև հինգշաբթի: