Ընդունված է. խորհրդարանական մեծամասնությունն աջակցում է օտարալեզու դպրոցների մասին հակասական օրինագծին

Հինգշաբթի հայ օրենսդիրները միաձայն կողմ են քվեարկել երկրի օրենսդրությունում փոփոխությունների հակասական փաթեթն ընդունելուն, որը թույլ կտա սահմանափակ թվով դպրոցներում ուսումնական ծրագիրն ուսուցանել օտար լեզվով:


Այսօր խորհրդարանը 71 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթը, որի երկրորդ ընթերցումը կանցկացվի ԱԺ աշնանային նստաշրջանի քառօրյայի ժամանակ:

Առաջին անգամ ապրիլին օրինագիծը ներկայացնելուց հետո կառավարությունն առնվազն երկու անգամ փոփոխել է դրա սկզբնական տարբերակը` տարաձայնություններ առաջացնելով հասարակական և քաղաքական շրջանակներում: Մինչ օրս էլ այն քննադատության թիրախ է, իսկ վերջնական տարբերակում փոփոխության համաձայն` Հայաստանում կարող է գործել միայն երկու մասնավոր օտարալեզու դպրոց` Դիլիջանում և Ջերմուկում: Մյուս 9 դպրոցներում կթույլատրվի օգտագործել օտար լեզուն` որպես ուսուցման գլխավոր լեզու, այն էլ` միայն ավագ դպրոցում: Պարզ է դարձել, որ նման դպրոցները կարող են աշխատել միջպետական համաձայնագրերի միջոցով:

Մի խումբ ցուցարարներ կրկին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով օրենսդրական փոփոխության դեմ: Այս օրինագծին ընդդիմացողներից ամենաակտիվը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբն է:

«Մենք ամեն բան կանենք, որ այն օրենք չդառնա,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: - Մենք կկազմակերպենք պիկետներ, ցույցեր, քաղաքացիական բողոքի բոլոր հնարավոր ձևերը»,- հավելել է նա: