Կողմնակի վնաս. «Լեզվի մասին» օրենքի շուրջ ստեղծված բացասական արձագանքը միջազգային դպրոցի ծրագրերը թողնում է օդից կախված

Դպրոցը, որ նախատեսվում էր բացել Դիլիջանում և խոստանում Հայաստանը դարձնել տարածաշրջանային և միջազգային կրթության հեղինակավոր կենտրոն, կարող է այդպես էլ չկառուցվել խնդրահարույց «Լեզվի մասին» օրենքին (որը թույլ է տալիս օտար լեզվով միջնակարգ կրթություն) հասարակության արձագանքի պատճառով:


Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցի, որը Մոսկվայի մեծահարուստ, մարդասեր Ռուբեն Վարդանյանի մտահղացումն է, հիմնարկեքը տեղի ունեցավ ապրիլին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այգում տնկեց խորհրդանշական «գիտելիքների ծառ»` ազդարարելով նախագծի մեկնարկը: Դպրոցի բացումը նախատեսված էր 2013 թ., սակայն նախագծի ճակատագիրն այժմ անորոշ է` գաղափարը «մերժող մթնոլորտի» պատճառով:

«Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի և իրականացման համար, նույնիսկ պետության և հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու և բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»,- ասվում է հուլիսի 15-ի Հայաստանի հանրային խորհրդին հասցեագրված նամակում:

13-18 տարեկան մոտ 600 աշակերտների համար նախատեսված դպրոցի ասպեկտներից մեկն այն է, որ երեք լեզուներից (ֆրանսերենի և իսպաներենի հետ միասին) գլխավորը անգլերենն է լինելու, որոնցով դասավանդում են աշխարհի շուրջ 3000 բարձրագույն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսանողները կարող են միջազգային բակալավրի աստիճան ստանալ: (Միջազգային բակալավրի աստիճանը բացառիկ ակադեմիական որակավորում է համարվում:)

Սակայն դպրոցի մասին հայտարարելուց հետո ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ սկսվեցին «Հանրակրթության մասին» (ընդունված 2009 թ.) և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում (1993 թ.) փոփոխություն կատարելու մասին, որով արգելվում է պետական ուսումնական հաստատություններում ուսումնական ծրագիրը հայերենից բացի այլ լեզվով դասավանդել: (Կարծիքները բաժանվում են, թե արդյոք ԱԺ քննարկումների ժամանակը պատահակա՞ն էր ընտրված, թե՞ ոչ:)

Քննարկումներին հաջորդեց բողոքի ալիքը, որը հիմնականում բարձրացվել է նրանց կողմից, ովքեր դեմ են հայերենից բացի այլ լեզվով միջնակարգ կրթությանը` զանազան փաստարկներ բերելով`սկսած նրանից, թե նման դպրոցները կլինեն միայն վերնախավի մենաշնորհը, ընդհուպ մինչև` որ այդ առաջարկն իսկ անարգանք է մայրենի լեզվին:

Այս «մթնոլորտին» է հղում արվում «Դիլիջան» նախագծի նամակում:

Այդուհանդերձ, անցյալ ամիս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը` դրանով իսկ ճանապարհ հարթելով 1480 դպրոցներից 11-ի համար` օտար լեզվով կրթություն մատուցելու, ըստ իրենց հայեցողության:

Սակայն այս քննարկումներից առաջացած տհաճ մթնոլորտը ասես սառը ջուր լցրեց Դիլիջանի նախագծի հիմնական մասնակիցների ոգևորության վրա, որոնք, հնարավոր է, վիրավորվել են, քանի որ ի պատասխան սեփական միջոցներով Հայաստանում 60 մլն ԱՄՆ դոլարից ավելի արժողությամբ դպրոց հիմնելուն, հանդիմանության արժանացան հենց այն քաղաքացիների կողմից, որոնք կարող էին շահել առաջարկվող այդ կրթությունից:

«Դիլիջան» միջազգային դպրոց նախագծի նախաձեռնողները իրենց խիստ նամակում, ըստ էության, սպառնում են դպրոցը բացել «ոչ Հայաստանի տարածքում»: Նամակում ասվում է. «Հանրային խորհրդի` որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»:

«Խորապես համոզված ենք, որ XXI դարում կրթության դերն աճելու է, և այսպիսի դպրոցի ստեղծումը մեզ համար մի խնդիր է, որը կարևոր է կյանքի կոչել: Ճիշտ է, հավանական է, որ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատած հայեցակարգով դպրոց այսօրվա Հայաստանում պետք չէ: Այդ պատճառով հոկտեմբերին կայանալիք նախագծի խորհրդի հաջորդ նիստին մենք պատրաստվում ենք այս նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել: Այսուհանդերձ մենք համոզված ենք, որ Հայաստանը կշարունակի զարգանալ և բարգավաճել, և անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք նպաստել այդ գործընթացին և մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք իրականացնել այն ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին»: (Նամակն ամբողջությամբ կարդալու համար սեղմե´ք այստեղ:)

Նախագծի նախաձեռնողները նամակում նշում են, որ դպրոցը պետությունից ոչ մի ֆինանսավորում չէր ստանալու, հայաստանցի երեխաների շուրջ 80%-ը սովորելու էր անվճար հիմունքներով` բարեգործական կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից հատկացված կրթաթոշակներով: Նամակում նշվում էր նաև, որ դպրոցում հայերեն պետք է դասավանդվեր ոչ միայն հայերին, այլև օտարերկրացիներին, որոնք կազմելու էին ընդունվողների երկու երրորդը:

«Մեր դպրոցի հավանական աշակերտների մեծամասնության առջև ոչ թե հայերենի իմացությունը կորցնելու, այլ ձեռքբերելու խնդիր է դրված, քանի որ այսօր այդ երեխաները սովորելու են գնում Ռուսաստան, Անգլիա, Շվեյցարիա և Ամերիկա: Մենք ուզում ենք, որ ծագումով հայ երեխաները հնարավորություն ունենան բարձրակարգ կրթություն ստանալ հենց Հայաստանում, կարողանան ճանաչել հայ մշակույթը, պատմությունը և սովորել իրենց նախնիների լեզուն»,- ասված է նամակում:

«Մենք դեմ չենք եղել երբեք Վարդանյանի դպրոցին, դա բոլորովին այլ կոնցեպցիա էր, և դրա ստեղծման համար անհրաժեշտ չէին այս փոփոխությունները, սակայն այս դպրոցի պատրվակն օգտագործելով` կառավարությունը նախաձեռնեց փոփոխություններ, որոնք անընդունելի են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հանրային խորհրդի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Մինչդեռ պատգամավորները համարում են, որ այս որոշումը չի կանգնեցնի օրենքներում նախատեսված փոփոխությունները, որոնք արդեն մեկ ամիս առաջ ընդունվել են առաջին ընթերցմամբ:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, որ, անկախ Վարդանյանների որոշումից, օրենքն ընդունվելու է:

«Ինչ կապ ունի` Վարդանյանն անելո՞ւ է ներդրում, թե՞ ոչ, սա ընդհանրապես անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է, որը հետագայում հնարավորություն կտա ստեղծելու մրցունակ կրթական համակարգ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սահակյանը: