Պատանեկան օլիմպիական խաղեր. արծաթ և բրոնզ Հայաստանի համար Սինգապուրում

Անցյալ շաբաթ Սինգապուրում ավարտվեցին առաջին պատանեկան օլիմպիական խաղերը, որից Հայաստանի ներկայացուցիչները վերադարձան չորս մեդալով, այդ թվում` մեկ արծաթե:


Օգոստոսի 14-26-ն անցկացված 2010 թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցում էին 205 երկրների 14-18 տարեկան մոտ 3500 մարզիկներ, որոնք մրցում էին տարբեր մարզաձևերում:

Այս աննախադեպ մարզական իրադարձությանը մասնակցում էին նաև Հայաստանը ներկայացնող 14 հայ մարզիկներ, որոնք մրցում էին մեկ տասնյակ, այդ թվում` ծանրամարտ, լող, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, մարմնամարզություն, թեթև ատլետիկա, նետաձգություն, թիավարություն և այլ մարզաձևերում:

Ծանրամարտում երկրորդ տեղը զբաղեցրեց գյումրեցի Գոռ Մինասյանը (85 կգ)` Հայաստանի թիմի համար նվաճելով միակ արծաթե մեդալը: Նրա թիմակից մյուս ծանրորդ երևանցի Սմբատ Մարգարյանը (56 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով: Սինգապուրի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մյուս երկու բրոնզե մեդալակիրներն են արմավիրցի ծանրորդ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ) և վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ):

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Յանա Եգորյանը երկու ոսկե մեդալ նվաճեց սուսերամարտում:

98 երկրների շարքում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց 67-րդ տեղը, իսկ հայաստանցի մի քանի մարզիկներ էլ կանգնեցին օլիմպիական պատվո պատվանդանի վրա` նվաճելով մեդալներ:

Հայաստանի հարավկովկասյան հարևանները` Ադրբեջանը (5 ոսկե և 3 արծաթե մեդալ) ու Վրաստանը (1 բրոնզե) զբաղեցրեցին համապատասխանաբար 11-րդ և 84-րդ տեղերը:

(Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Չինաստանը, որն իր ակտիվում գրանցեց 30 ոսկե, 16 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Ռուսաստանը (18 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալ) և Հարավային Կորեան (11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ) համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:)

Կիրակի Երևանում Հայաստանի պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը գովեստի խոսքեր ասաց պատանեկան օլիմպիական խաղերում հայ մարզիկների ձեռք բերած հաջողությունների մասին, սակայն ասաց, որ թիմից ընդհանուր առմամբ «շատ ավելի մեծ ակնկալիքներ» ունեին:

Հավաքականում ընդգրկված 15-17 տարեկան որոշ մարզիկներ հավանաբար կմասնակցեն 2012 թ. Լոնդոնում (Միացյալ Թագավորություն) և 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք [մեծահասակների] օլիմպիական խաղերին:

2008 թ. Պեկինում կայացած վերջին օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցում էին 25 մարզիկներ, որոնք ներկայացված էին 7 մարզաձևերում: 86 երկրների շարքում Հայաստանի հավաքականին հաջողվեց նվաճել 6 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով զբաղեցնել 78-րդ տեղը:

Հաջորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2014 թ. Չինաստանի Նանջինգ քաղաքում, իսկ առաջին ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը` 2012 թ. Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում: