Թանկ դասեր. Հայաստանում ծնողները մեծ ծախսեր են անում` պատրաստվելով երեխաներին դպրոց ուղարկել

Սեպտեմբերի մեկին ընդառաջ Երևանի տոնավաճառների, գետնանցումների ու խանութների հիմնական հաճախորդները ծնողներն են իրենց դպրոցահասակ երեխաների հետ, որոնք գրենական պիտույքներ, հագուստ ու պայուսակ են գնում:


Սեպտեմբերի 1-ին հնչող ավանդական առաջին զանգը կազդարարի նոր ուսումնական տարվա մեկնարկը, որն այս անգամ Հայաստանում ավելի թանկ է:

Երեք դպրոցականների մայր Վարդուհի Մելիքյանն ասում է, որ այս տարի իր երեխաների համար նոր հագուստ չի գնել, իսկ գրենական պիտույքների վրա երեք երեխայի համար արդեն մոտ 10 հազար դրամից ավելի գումար է ծախսել (մոտ 30 դոլար):

«Միայն մեծ աղջկաս համար եմ պայուսակ գնել, կոշիկներ գնել ենք երեքի համար, իսկ հագուստն անցյալ տարվանը կհագնեն»,- ասում է Մելիքյանը` ավելացնելով, որ դասերը սկսվելուն պես էլ պետք է գրքերի, դպրոցի ֆոնդի, «պատուհան սրբելու» և այլնի համար գումարներ վճարեն, իսկ երեք երեխա ունենալու պարագայում դա ահագին գումար արժի:

Այն ծնողները, որոնք ի տարբերություն Մելիքյանի, նոր ուսումնական տարուն նախընտրում են նոր հագուստ ու պայուսակներ գնել, մեկ երեխայի համար միջինը կծախսեն մոտ 30 հազար դրամ (ավելի քան 80 դոլար), այսինքն` մոտ 30 տոկոս ավելի, քան անցյալ տարի, և 50 տոկոս ավելի, քան հինգ տարի առաջ:

Միջին հաշվով` մեկ երեխայի միայն հագուստի վրա ծախսվում է 10000-20000 դրամ (27-55 դոլար), դպրոցական պայուսակն արժի 5000-11000 դրամ (13-30 դոլար), իսկ կոշիկը` 6000-15000 դրամ (16-41 դոլար):

Ալինա Գասպարյանը, որը երրորդ դասարանցի տղա ունի, ասում է, որ արդեն անհանգստությամբ է սպասում սեպտեմբերի 1-ին, քանի որ գիտի` այդ օրն ուսուցչին ավանդաբար նվիրվող ծաղիկների գինն էլ կհասնի աստղաբաշխական թվերի:

(Որպես կանոն` ծաղկավաճառները Հայաստանում տոներին, հիշատակի օրերին կամ ուսումնական տարվան ընդառաջ բարձրացնում են ծաղիկների գները:)

«Հագուստի, կոշիկի, գրենական պիտույքների վրա արդեն 32 հազար (88 դոլար) ծախսել եմ, 5000 դրամ (13 դոլար) էլ որոշել եմ հատկացնել ծաղիկի համար, սակայն մտածում եմ, որ էդքան գումարով հաստատ կարգին ծաղկեփունջ վաղը չեմ գնի»,-ասում է Գասպարյանը:

Այս տարի Հայաստանում առաջին դասարան կհաճախի մոտ 37390 երեխա, իսկ ամբողջ հանրապետության ընդհանուր աշակերտների թիվը, ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, պարզ կդառնա միայն սեպտեմբերի 10-ից հետո:

2010-11 թթ. ուսումնական տարում Հայաստանում կգործեն 1404 դպրոց` 1313 հիմնական, 91 ավագ:

Թանկ գներից բացի, այս տարին կառանձնանա ևս մեկ նորամուծությամբ: Բոլոր հայ ուսուցիչները սեպտեմբերի 1-ին կերդվեն «պատվով կրել ուսուցչի բարձր և վեհ կոչումը, ամեն ինչ անել, որպեսզի երկրի համար դաստիարակեն բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ» և այլն:

ԿԳ նախարարի այս հրամանը վերջին օրերին հայ բլոգերներից շատերի ծաղրին է արժանացել: Որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ թերահավատ են, որ երկրում կրթության մակարդակը բարձրացնելուն ուղղված այս քայլն արդյունավետ կլինի:

Ինչպես տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի բաժինը, վաղը (սեպտեմբերի 1-ին) «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները»:

Ապագայում յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը: