Վիճահարույց կրճատումներ. չնայած դասախոսների բողոքներին` Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսել է նոր ուսումնական տարին

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ անցյալ ամիս հակասական պայմաններում ազատվել են աշխատանքից և նոր ուսումնական տարին կդիմավորեն գործազուրկի կարգավիճակով:


Համալսարանի ղեկավարությունն ասում է, որ այս դասախոսների ազատման պատճառն ինչպես նրանց աշխատանքային պայմանագրերի ժամկետի լրանալն է, այնպես էլ նրանց` համալսարանում աշխատելու անհրաժեշտ որակական պահանջներին չհամապատասխանելը և համալսարանի ներքին կարգապահական նորմերին չհետևելը:

«Երբեմն դասախոսներն իրենց պահում են ուսանողի պես` ուշանում են դասերից, ծրագրերը և պլանները չեն կատարում, անհրաժեշտ գրականության ցանկը չեն տրամադրում, չեն բավարարում տվյալ առարկայի դասավանդման պահանջները»,-օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՖՀ ռեկտոր Ժոել լե Մորզելեկը` որևէ դասախոսի անուն չնշելով:

Հայաստանում ֆրանսիական համալսարանն ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 1995 թվականին կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության պայմանագրի շրջանակներում: Համալսարանը գործում է 2000 թվականից և ունի որակյալ կրթություն ապահովող բուհի համբավ: 2009-ին համալսարանն ունեցել է ավելի քան 800 ուսանող:

Աշխատանքից ազատված դասախոսներից 14-ը դիմել են դատարան, քանի որ համաձայն չեն ռեկտորի որոշմանը` համարելով այն անօրինական:

Դասախոսները նշում են, որ իրենց հետ պայմանագիր կնքվել է միայն մեկ անգամ` ոմանց հետ 2007-ին, ոմանց հետ` 2008-ին` մեկ տարի ժամկետով, որից հետո պայմանագրերի ժամկետը չի երկարաձգվել: Նման դեպքերում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերը դառնում են անժամկետ:

Դասախոսներն իրենց դժգոհությունը փորձեցին ներկայացնել ռեկտորի մամուլի ասուլիսի ժամանակ, քանի որ ինչպես հետո տեղեկացրին «ԱրմենիաՆաուին», ղեկավարությունը խուսափում է իրենց հետ հանդիպելուց:

Համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին վարիչ Գայանե Հակոբյանը վրդովված հայտարարեց, որ ռեկտորի պատճառաբանությունը, թե իրենք ազատվել են ոչ պրոֆեսիոնալ լինելու պատճառով, ուղղակի անհեթեթ է` ներկայացնելով իր և աշխատանքից ազատված մի քանի այլ դասախոսների որակավորման մի շարք սերտիֆիկատներ:

Համալասարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը բացատրեց, որ ռեկտորի հրամանով դասախոսների աշխատանքային պայմանագրերը երկարաձգվել են մինչև 2010 թվականի հուլիսը, որը յուրաքանչյուր դասախոս կարող էր գտնել իր ինֆորմացիոն արկղիկում: Մինչդեռ, ըստ Մեյրոյանի, որոշ դասախոսներ արկղիկներն այնքան չեն բացել, որ այնտեղ թուղթ գցել այլևս հնարավոր չէ:

Տասը տարի համալսարանում ֆրանսերեն դասավանդող Նարինե Կոխտիևան «ԱրմենիաՆաուին» ասաց, որ իրականում դասախոսները արկղիկները երբեմն չեն ստուգում, քանի որ իրենք բուհի ղեկավարության հետ հաղորդակցվել են էլփոստով, սակայն աշխատանքային պայմանագրերի երկարաձգման մասին հրամանը նրանք էլփոստով չեն ստացել:

«Տասը տարի աշխատելուց հետ մարդուն հին շորի, հին կոշիկի նման փողոց չեն գցում: Նրանք արեցին ամեն ինչ, որ այսօր ոչ մի բուհում աշխատանք չգտնենք: Ես իմ ազատման ծանուցումը ստացել եմ օգոստոսի կեսին և ուր դիմել եմ, ասել են` ցավում ենք, բայց բոլոր ժամերն արդեն զբաղված են»,- ասում է Կոխտիևան` ավելացնելով, որ եթե նույնիսկ հրաման է եղել իրենց պայմանագրերի ժամկետների երկարաձգման վերաբերյալ, ապա դա միակողմանի չէր կարող լինել, իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել:

Դասախոսները հերքում են, որ իրենք ուշացել են դասերից և կարգապահական նորմերին չեն հետևել:

«Եթե ես ուշանում էի, թող տասը տարվա ընթացքում գոնե մի անգամ զգուշացնեին, որ ուշանում եմ դասերից»,- տարակուսում է ֆրանսերենի դասախոս Անուշ Մխիթարյանը:

Դասախոսները նշում են, որ իրենք երբեք որևէ կոնֆլիկտ չեն ունեցել ղեկավարության հետ և չեն հասկանում իրենց ազատման պատճառը:

Համալսարանի ուսանողները, որոնք սոցիալական ցանցերում և կայքերում բուռն քննարկում են այս հարցը, հիմնականում մեծագույն դրվատանքով են խոսում իրենց նախկին դասախոսների մասին` համարելով, որ նրանց շնորհիվ ստացել են փայլուն գիտելիքներ: