Սպորտ. շախմատում Հայաստանը առաջատարների թվում է, ծանրամարտում Դալուզյանը մեդալ է նվաճում

Շախմատ. Օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը գրանցեց Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող 2010 թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում` 3,5:0,5 հաշվով հաղթելով Ավստրալիայի ընտրանուն:


Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Արմեն Փաշիկյանը և առաջին խաղատախտակի մոտ հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանը մրցելույթն ավարտեց ոչ-ոքի:

Առաջին խաղում օլիմպիական չեմպիոնները 3:1 հաշվով հաղթել էին Կոստա Ռիկայի ընտրանուն:

Օլիմպիադայի առաջին երկու մրցափուլերից հետո Հայաստանի հավաքականը մարզչի` գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ մոտ երեք տասնյակ թիմերի շարքում է, որոնք երկու խաղում նույնքան հաղթանակ են գրանցել իրենց հաշվին:

Սակայն 2006 և 2008 թթ. օլիմպիական չեմպիոն դարձած և ներկայումս այդ կոչումը պաշտպանող թիմի վճռական հանդիպումները դեռ առջևում են:

Երրորդ մրցափուլում Հայաստանի մրցակիցը Խանտի Մանսիյսկում Թուրքիան է:

Մինչ այդ, Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ մրցափուլում պարտվեց Չեխիայի ընտրանուն (1,5:2,5): Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, միջազգային վարպետ Անահիտ Խառատյանը (մարզիչ` գրոսմայստեր Աշոտ Անաստասյան) 3,5:0,5 հաշվով հաղթել էին ռուս-հնդկական միացյալ թիմին: Երրորդ մրցափուլում Հայաստանի մրցակիցը կլինի Մակեդոնիան:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին արդյունքներին և մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում` http://www.ugra-chess.ru:

Ծանրամարտ. Թուրքիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն իր առաջին մեդալը վաստակեց` շնորհիվ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանի երկամարտում գրանցած արդյունքի (251 կգ):

69 կգ քաշային կարգում 22-ամյա մարզուհին նվաճեց բրոնզե մեդալ` երկու կիլոգրամով զիջելով չինացի արծաթե մեդալակրին և հինգ կիլոգրամով` ռուսաստանցի Սվետլանա Շիկովային:

Սա Դալուզյանի երկրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.antalya2010wwc.com

Ֆուտբոլ. 7-րդ խմբում ընդգրկված Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Իսլանդիայում եվրոպական մրցաշարի որակավորման փուլն սկսեց պարտությամբ: UEFA.com-ի հաղորդմամբ` չորեքշաբթի Հայաստանը ներկայացնող երիտասարդները 0:3 հաշվով պարտվեցին իրենց թուրք մրցակիցներին:

Մրցափուլի մյուս հանդիպմանը խմբում ընդգրկված չորս հավաքականներից Չեխիայի Հանրապետությունը հաղթանակ տոնեց հյուրընկալող երկրի` Իսլանդիայի ընտրանու նկատմամբ (4:2):

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին կխաղա Չեխիայի Հանրապետության, իսկ սեպտեմբերի 27-ին` Իսլանդիայի հետ:

13 որակավորման խմբերից երկու լավագույն հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած երկու հավաքականներ, որոնք իրենց խմբի առաջատարների դեմ խաղում լավագույն արդյունք են ցույց տվել, կանցնեն էլիտար փուլ, որին կմասնակցի 28 թիմ: Միմյանց դեմ մրցելով գարնանը կայանալիք փոքր մրցաշարերում` նրանցից կորոշվեն եզրափակչի 7 մասնակիցները, որոնք էլ, միանալով հյուրընկալող երկրի հավաքականին, 2011 թ. կպայքարեն ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների չեմպիոնի կոչման համար: