Սպորտ. Հայաստանը շարունակում է հաղթարշավը շախմատի համաշխարհային օլիմպիադայում` ծանրամարտում անհաջողություններ կրելով

Շախմատ. Հայաստանը շարունակում է հաջող մրցելույթները Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: 5-րդ մրցափուլում հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթեցին Ռուսաստանի երկրորդ հավաքականին:

Հինգ մրցափուլում տոնելով նույնքան հաղթանակ` կրկնակի օլիմպիական չեմպիոնները, առաջին խաղատախտակի մոտ հանդես եկող թիմի առաջատար Լևոն Արոնյանի մասնակցությամբ, 149 հավաքականների թվում, Վրաստանի և Հունգարիայի հավաքականների հետ ներկայումս կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականները:

Երկուշաբթի (Հայաստանի մրցակիցն է Վրաստանի հավաքականը) վերսկսվող մրցաշարի ավարտին մնացել է վեց մրցափուլ:

Մինչ այդ, Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ մրցափուլում 2,5:1,5 հաշվով հաղթել է Հունաստանի ընտրանուն: 6-րդ մրցափուլից առաջ 115 ազգային հավաքականների շարքում հայ շախմատիստուհիները կիսում են 7-11-րդ հորիզոնականները:

39-րդ hամաշխարհային օլիմպիադայի արդյունքներին և մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում` http://www.ugra-chess.ru

Ծանրամարտ. Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի Անթալիա քաղաքում հայ ծանրամարտիկներն անհաջող մրցելույթներ ունեցան:

85 կգ քաշային կարգում հանդես եկող Արա Խաչատրյանը պոկում վարժությունում, գլխավերևում պահելով 175 կիլոգրամանոց ծանրաձողը, «փոքր» ոսկե մեդալ նվաճեց, սակայն հրում վարժությունում առաջին իսկ մոտեցման (201 կգ) ժամանակ վնասեց ուսը և ստիպված եղավ լքել առաջնությունը:

Նույն քաշային կարգում հանդես եկող նրա թիմակից Տիգրան Վ. Մարտիրոսյանը ձախողեց իր կամքին ենթարկել 170 կիլոգրամանոց ծանրաձողը և նույնպես դուրս մնաց մրցապայքարից:

Կանանց մրցապայքարում 75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը 283 կգ ընդհանուր արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Գ. Մարտիրոսյանը 373 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ կանանց մրցապայքարում Մելինե Դալուզյանը 69 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջնության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ` www.antalya2010wwc.com

Ֆուտբոլ. Ուրբաթ Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին»: Երկու թիմերն էլ ներկայումս անզիջում պայքար են մղում բարձրագույն լիգայում չեմպիոնի տիտղոսի համար:

Մինչ այդ Իսլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնության որակավորման փուլի իրենց երկրորդ հանդիպմանը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչները Չեխիայի ընտրանու դեմ պայքարն ավարտեցին 1:1 հաշվով:

7-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն առաջին խաղում 0:3 հաշվով պարտվել էր Թուրքիայի ընտրանուն: Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստները մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնեն Իսլանդիայի ընտրանու դեմ (աղբյուրը` ՈՒԵՖԱ, ՀՖՖ):