Քանի՞ լեզու գիտես. ՀՀ կառավարությունը կրկին զիջումների է գնում օտարալեզու դպրոցների բացման հարցում

ՀՀ կառավարությունը վերջապես հրաժարվել է «Լեզվի մասին» օրենքում վիճահարույց փոփոխություններ անելու մտադրությունից, որոնց հետևանքով հնարավոր կլիներ Հայաստանում բացել սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ:


ՀՀ կառավարության` օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելու մասին առաջարկից հինգ ամիս անց ԱԺ ընթացիկ նստաշրջանում հարցը հավանաբար դուրս կմնա օրակարգից:

ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի դեմ հանդես եկան բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և տարբեր հասարակական խմբեր, որոնք ասում են, թե նման փոփոխությունները կվտանգեն հայի ազգային ինքնությունը:

Հունիսին 131 պատգամավորից բաղկացած խորհրդարանը 71 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթը, որի (հավանաբար լրամշակված տարբերակի) երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր ԱԺ աշնանային նստաշրջանի քառօրյայի ժամանակ:

Թեև կառավարությունը հրաժարվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու և երկրորդ ընթերցմամբ այն ընդունելու մտադրությունից, սակայն դեռևս հաստատակամ է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության հարցում:

Օրինագծի ընդունման դեպքում կբացվեն տասնմեկ այլընտրանքային դպրոցներ, որոնցից երկուսը ստեղծվելու են որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ և գործելու են Դիլիջանում և Ջերմուկում` յոթերորդ դասարանից (12-ամյա կրթական համակարգում), մյուս ինը ստեղծվելու են միջպետական և միջկառավարական համաձայնագրերի հիման վրա և իրականացնելու են միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր:

Նախատեսվում է, որ նշված այլընտրանքային դպրոցներում ուսուցումը, բացի հայագիտական առարկաներից (հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն), իրականացվելու է օտար լեզուներով:

Այս խնդիրը վերջին ամիսներին շատ է քննարկվել ու քննադատվել օրինագծին դեմ անձանց կողմից, որոնք Facebook-ում «Մենք դե´մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» անվանումով խումբ ունեն:

Քննադատները մտավախություն ունեն, թե որոշումն արտացոլում է հիմնականում ռուսալեզու կրթության վերականգնման ցանկությունը, որն արգելված է Հայաստանում 1990-ականների սկզբից` երկրի անկախությունից անմիջապես հետո: Մինչ այդ Հայաստանում շատերը միջնակարգ կրթությունը ռուսերենով էին ստանում, որը նախկին Խորհրդային Միության պետական լեզուն էր և պահանջվում էր ցանկացած լավ կարիերայի համար:

Օրինագծին դեմ արտահայտվողները մտահոգված են նաև, որ օրենքի ուժ ստանալու դեպքում այն «կնսեմացնի» հայերենի դերը այլ լեզուների համեմատությամբ: Նրանք մտավախություն ունեն, թե օտար լեզվով դասավանդվող հայերը կկորցնեն «հայերեն լեզվամտածողությունը»:

Իսկ կառավարությունը կարծում է, որ սահմանափակ թվով նման դպրոցները միայն կբարձրացնեն մեզանում ընդհանուր կրթության մակարդակը և հնարավորություն կտան հայերին մեծ փորձ ձեռք բերել Հայաստանում դասավանդող միջազգային մասնագետներից:

Սուր քննադատության հետևանքով Դիլիջանում 2013-ին բացվելիք միջազգային դպրոցի նախաձեռնողները հուլիսին Հայաստանի Հանրային խորհրդին ուղղված բաց նամակում հայտարարեցին, որ «լրջորեն դիտարկում են նախագծի կասեցման հնարավորությունը, քանի որ ստեղծված իրավիճակում նախագիծը զարգացնելու հնարավորություն չեն տեսնում»:

Դիլիջանի նախագծի հեղինակները հավանաբար կհայտնեն իրենց վերջնական որոշման մասին հոկտեմբերին` դպրոցի հոգաբարձուների խորհրդի հաջորդ հանդիպման ժամանակ:

ԱԺ-ում այս երկու օրենքների փոփոխությունները սկսեցին քննարկվել «60 մլն դոլարանոց» միջազգային դպրոցի մասին պաշտոնապես հայտարարելուց հետո: Ապրիլին դպրոցի հիմնարկեքի արարողությանը ներկա էին նախաձեռնության հեղինակ, հայազգի մոսկվաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սա հիմք է տալիս «Մենք դե´մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի ակտիվիստներին եզրակացնելու, որ «Լեզվի մասին» օրենքում ոչ հայալեզու դասավանդմամբ դպրոցների ստեղծումը թույլատրող փոփոխություն կատարելու դրդապատճառն այս միջազգային դպրոցի ստեղծման ծրագիրն է:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ օրինագծի ընդունման պարագայում առաջին նման դպրոցը կբացվի հավանաբար 2012-13 թվականներին:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր հերթին ասել է, որ հարցն այնքան նուրբ է, որ պահանջում է համակողմանի դիտարկում:

«Մեր առջև խնդիր է դրված. պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման, օտարացման ռիսկերից, մյուս կողմից` չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ արձագանքման ընդունակ և մրցունակ»,- ասել է ԱԺ նախագահը:

Աբրահամյանն առաջարկել է «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր», «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները, ինչպես նաև պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնման սահմանափակումը և մարզային քվոտավորման սկզբունքը:

Լսումներին մասնակից «Մենք դե´մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական խմբի անդամները դարձյալ համաձայն չեն կառավարության այս զիջմանը:

Նրանք դեմ են Հայաստանում ընդհանրապես որևէ տեսակի օտարալեզու դպրոցի բացմանը և կարծում են, որ «Հանրակրթության մասին» օրենքում ևս պետք չէ փոփոխություններ կատարել:

Ամենայն հավանականությամբ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը չի ընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում, քանի որ լրամշակման կարիք ունի: