Ապահով ծերությո՞ւն, թե՞ չարդարացված ռիսկ. Հայաստանում շարունակվում են կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ թեժ քննարկումները

Հայաստանում շարունակվում են թեժ քննարկումները կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ, որին ՀՀ քաղաքացիները կամավոր կարող են միանալ 2011-ից, իսկ մինչև 40 տարեկան քաղաքացիների համար նոր համակարգը պարտադիր կլինի 2014 թվականից:


Միաժամանակ հայ օրենսդիրները Ազգային ժողովում ևս խորհրդարանական լսումների ընթացքում քննարկում են հունիսին առաջին ընթերցմամբ ընդունված կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող կառավարության օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է հինգ տասնյակի հասնող օրինագծերից: Օրենսդրական փաթեթը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ կմտնի երկու ամսից` երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար:

Թեև կառավարությունը պնդում է, որ նոր համակարգի ներդրումը խթանելու է տնտեսության զարգացումը, մասնակիորեն նպաստելու է ստվերային տնտեսության կրճատմանը և ամենակարևորը` նպաստելու է կենսաթոշակների շարունակական բարձրացմանը` համապատասխանելով նվազագույն զամբյուղին և ապագա թոշակառուների համար ապահովելու է առավել բարեկեցիկ ծերություն, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը դեռևս պատրաստ չէ այս նոր համակարգին անցնելուն:

Ի տարբերություն ներկայիս «սոցիալական համերաշխության» սկզբունքով գործող համակարգի, երբ աշխատող քաղաքացիներն իրենց սոցիալական վճարներով պահում են թոշակառուներին (այժմ Հայաստանում 460 հազար աշխատող քաղաքացի պահում է 520 հազար թոշակառու), նոր համակարգով մինչև 40 տարեկան քաղաքացիները կարող են կուտակել իրենց սեփական կենսաթոշակը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կենսաթոշակային ֆոնդերին ամեն ամիս փոխանցելով իրենց աշխատավարձի 5 տոկոսը: Պետությունն իր հերթին ավելացնում է այդ 5 տոկոսին համարժեք գումար, իսկ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն այդ գումարներով ձեռք կբերեն տոկոսային եկամուտ ապահովող պետական և կորպորատիվ պարտատոմսեր: Հնարավոր է, որ կուտակված կենսաթոշակների մի մասն էլ ներդրվի արտասահմանյան ֆոնդային բորսաներում: Այսինքն` երբ աշխատողը թոշակի անցնի, ենթադրվում է, որ նա համեմատաբար ավելի մեծ գումար կստանա, քան կուտակել էր իր աշխատանքային տարիների ընթացքում:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը թեև ընդունում է այս նոր համակարգի գաղափարը, սակայն կարծում է, որ Հայաստանում կենսաթոշակային գումարները տեղաբաշխելու շուկա չկա, բացի այդ, պետությունը հստակ չի սահմանել, թե կուտակային հիմնադրամների սնանկ ճանաչվելուց հետո ինչպե´ս է փոխհատուցվելու թոշակառուի կուտակած գումարը:

Ըստ նրա` Հայաստանում քիչ թե շատ կայացած է միայն պետական արժեթղթերի շուկան:

«Իսկ ինչ վերաբերում է կորպորատիվ արժեթղթերին, ապա ես հավաստիացնում եմ, որ մինչև 2014-ը չի լինի կորպորատիվ արժեթղթերի շուկա, քանի որ Հայաստանում տնտեսությունը օլիգարխացված է, իսկ նախնական հանրային առաջարկ կամ, ինչպես հայտնի է անգլերենով` IPO, ֆոնդային բորսաներում կարող են անել այն ձեռնարկությունները, որոնք ունեն կես մլրդից ավելի կանոնադրական կապիտալ, հետևաբար դրա տակ Հայաստանում ընկնում են միայն օլիգարխացված կառույցները, որոնց նկատմամբ վստահություն չի լինի, և այդտեղ փողեր չեն գնա»,- համոզված է Մեսրոբյանը:

ՀՀ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամ Հայկ Ոսկանյանն էլ հակադարձում է, որ տնտեսությունը տեղում չի դոփում, և մինչև 2014-ը Հայաստանում կաշխուժանա նաև կորպորատիվ արժեթղթերի շուկան, ինչպես աշխուժացել էր մինչև 2007 թվականը` նախքան ֆինանսական ճգնաժամը:

Հայկ Ոսկանյանը նաև ասում է, որ կենսաթոշակային ֆոնդի սնանկ ճանաչվելու գաղափար չկա նոր համակարգում, և թոշակառուն ունենալու է միայն պարտատոմսերի եկամտաբերության կորուստ:
«Իսկ եթե թոշակառուն կորցնում է իր գումարները, ապա արդեն սկսում են աշխատել պետական երաշխիքները, որը պետական բյուջեն է»,- ասում է Ոսկանյանը:

Մեսրոբյանը կարծում է, որ այս պարագայում արդեն 2014-ից կենսաթոշակն ապահովագրող գումարները պետք է ներգրավված լինեն պետական բյուջեում, (ինչպես, օրինակ` բանկային համակարգում կա ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ), ինչը մեծ դեֆիցիտ կառաջացնի բյուջեի մեջ:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ևս կարծում է, որ նոր օրենսդրությամբ պատասխանատվության ինստիտուտը պետք է ավելի հստակ ամրագրված լինի։

«Այսինքն՝ հիմնադրամը չպետք է որևէ սողանցք թողնի պատասխանատվությունից խուսանավելու համար։ Խիստ խոցելի եմ համարում սնանկության մասին վերապահումը, որ հնարավոր է՝ սնանկանան, և այդ դեպքում պատասխանատվությունն ո՞վ պետք է կրի, անորոշ է։ Սնանկության մասին խոսք չպետք է լինի, եթե դրանք ամբողջ երկրի թոշակառուների գումարներն են։ Նման պարագայում ամբողջ պատասխանատվությունը պետք է ընկնի պետության վրա»,- ասում է Մանասերյանը: