«Քարերի սիմֆոնիա». քրեական գործ է հարուցվել` ի պաշտպանություն Հայաստանի բնության հուշարձանի

«Քարերի սիմֆոնիա». քրեական գործ է հարուցվել` ի պաշտպանություն Հայաստանի բնության հուշարձանի


Քառնիի կիրճի քարերը հատում են քարհատիչներով և կտրիչներով:

Մի քանի տարի շարունակ բնապահպանների ու լրագրողների կողմից ահազանգվող «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի ոչնչացումը, որը գտնվում է Գառնու ձորում (Կոտայքի մարզ), կանխվել է:


Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (“Transparency International”) հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացրած նամակի, որում հստակ փաստեր են բերվում հուշարձանի ոչնչացման վերաբերյալ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու» հոդվածով (նման քրեական գործեր կարող են հարուցվել` հիմնվելով միայն նամակի և/կամ հստակ փաստերի վրա):

«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը, որը գտնվում է Գառնիի տաճարի հարևանությամբ`Երևանից 35 կմ հեռավորության վրա, ինքնատիպ է իր բազալտե սյուներով, որոնք նման են երգեհոնի, ինչի համար էլ հուշարձանը ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում հուշարձանից հատել են բազալտե սյուները և վաճառել` հիմնականում շինարարությունում օգտագործելու համար: Ականատեսները վկայել են, թե ինչպես են մի խումբ մարդիկ կամ անհատներ էլեկտրական սղոցներով և հատիչներով հատում քարերը:

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի բնապահպանության նախարարությանն ուղղված նամակում ասվում է, որ բնական հուշարձանի 2007 թ. սկսված մասնատումն այսօր էլ շարունակվում է: «Մեքենաները քարը բերում են Արտաշատ, որտեղ ծաղկում է «քարի բիզնեսը»: Քարերն օգտագործում են բարձրաստիճան պաշտոնյաները»:

Մամուլում արդեն մի քանի տարի շարունակ շրջանառվում էին պաշտոնյաների անուններ (Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան), որոնք այդ քարերով կառուցապատել են իրենց ամառանոցները:

Վերջերս (2010 թ. օգոստոսին) տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը խոստովանել է, որ իր առանձնատունը երեսապատում է «Քարերի սիմֆոնիայի» քարերով: Սակայն օգտագործում է հուշարձանի տակ թափված քարերը, որոնք բնական ձևով են պոկվում:

Հովիկ Աբրահամյանն այդ քարերն օգտագործում է Արտաշատում Սուրբ Հովհաննես եկեղեցին և առանձնատունը կառուցելու համար: Սակայն երկու տարի առաջ Աբրահամյանի մամլո քարտուղարը հաստատել է, որ Արտաշատում կառուցվում է եկեղեցի և առանձնատուն, սակայն ոչ այդ քարերով:
Հակակոռուպցիոն կենտրոնից տեղեկացնում են, որ խնդրի վերաբերյալ դեռևս 2005-2007 թթ. են ահազանգել այն ժամանակ Արարատի մարզպետ, ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, բայց դիմումը ընթացք չի ստացել, որովհետև հուշարձանը, ըստ ՀՀ օրենսդրության, չի համարվել բնության հատուկ պահպանվող տարածք: «Քարերի սիմֆոնիան» նաև չէր համարվում պատմության և հուշարձանների պահպանման գոտու տարածք:

Սակայն բնապահպանների, լրագրողների, երիտասարդական շարժման ակտիվիստների ջանքերով ու հետևողականությամբ ՀՀ կառավարությունը 2008 թ. որոշում է կայացնում, որով «Քարե սիմֆոնիայի» սյունաձև բազալտները «Երգեհոն» անվամբ գրանցվում են հուշարձանների պահպանության ցանկում:

Այս տարիների ընթացքում բազմաթիվ ակտիվիստների, բնապահպանների ու լրագրողների արած լուսանկարներում ակնհայտ երևում է, թե ինչպես է ոչնչացվում բնության յուրահատուկ հուշարձանը, հատկապես ստորին հատվածը, ինչի հետևանքով անհետանում են երգեհոնի տեսք ունեցող նախշերը: