Սիրով` Ստեփանակերտի համար. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում կբացվի ազգային պատկերասրահ

Սիրով` Ստեփանակերտի համար. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում կբացվի ազգային պատկերասրահ

Photolure

Գրիգոր Գաբրիելյանցն առաջնորդվում է «Մշակույթն անմահ է» գաղափարով:

Շուտով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կբացվի ազգային պատկերասրահ, որտեղ կցուցադրվեն հայ և այլազգի նկարիչների շուրջ 300-ից ավելի գործեր:


Մտահղացման հեղինակն է մոսկվաբնակ բարերար, ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցը, որն իր նկարների ողջ հավաքածուն նույնպես նվիրում է ապագա պատկերասրահին:

«Աշխարհի բոլոր մայրաքաղաքները զարդարում են ազգային պատկերասրահները: Կարծում եմ` Ղարաբաղը նույնպես պատկերասրահ ունենալու իրավունք ունի: Երբ մտածում էի և արդեն որոշել էի, որ պետք է անել այս գործը, առաջնորդվում էի «Մշակույթը անմահ է» գաղափարով»,- ասում է մասնագիտությամբ երկրաբան Գաբրիելյանցը:

Գաբրիելյանցի մտահղացմանը միացել են ընկերները, հայտնի նկարիչներ, Հայաստանի նկարիչների միությունը, մշակույթի նախարարությունը: Ստեփանակերտի ազգային պատկերասրահում կլինեն գործեր Մոնղոլիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Մեքսիկայից և այլ երկրներից:

Հավաքածուի զարդը կկազմեն աշխարհահռչակ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի կտավները:

Գաբրիելյանցը կարևորում է երկրում մշակույթի զարգացումը և ասում, որ այն նույնքան կարևոր է, որքան տնտեսության զարգացումը:

Հայաստանի նկարիչների միությունն իր պահոցներից պատկերասրահին կնվիրաբերի մոտ 100 աշխատանք:

«Այս պահին էլ մեզ են միանում նոր նկարիչներ, նվիրատվությունների թիվն ավելանում է: Մեզ են միացել նաև երևանյան «Արամե», «Ակադեմիա», «Շեդեվր» պատկերասրահները: Կարծում եմ` պատկերասրահում հավաքվում է բավական պատկառելի հավաքածու, և այնտեղ կբացվի լուրջ թանգարան»,- ասում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նախքան կտավներ հավաքելը Գաբրիելյանցը հարցը քննարկել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որն ընդառաջել է և պատրաստակամություն հայտնել լուծելու թանգարանի շենքի հարցը:

«Շենքը կլինի Ստեփանակերտի հենց կենտրոնում, այս պահին քննարկվում են տարբերակները»,- ասում է Գաբրելյանցը: