Սպորտ. Ռուսաստանում անցկացված լողի առաջնությունից հաշմանդամություն ունեցող մարզիկները վերադարձել են մեդալներով

Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում անցկացված 2011 թ. հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը մասնակցած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկներն ընդհանուր հաշվով ութ մեդալ են շահել:


Անցյալ շաբաթ տեղի ունեցած առաջնությանը Հայաստանը ներկայացրել են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ 13-ամյա Արտակ Դավթյանը, 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանը և 15-ամյա Ավագ Տոնոյանը:

Ըստ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի` Դավթյանը մասնակցեց 50 մ ազատ ոճի, 50 մ թիկնալողի, 50 մ բրասի լողի մրցումներին և Հայաստանի թիմի համար վաստակեց երկու արծաթե մեդալ:

Հովակիմյանն ու Տոնոյանը մրցեցին չորս լողատարածությունում` 50 մ, 100 մ, 400 մ ազատ ոճ, 100 մ բրաս: Տոնոյանը լրացրեց ՌԴ I սպորտային կարգի նորմատիվ, իսկ Հովակիմյանը վաստակեց վեց մեդալ` մեկ ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ:

Հիշեցնենք, որ այս առաջնությունն ընդգրկված է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի մրցաշարերի շարքում: Առաջնությանը մասնակցում էին ՌԴ 32 շրջանների և Ղազախստանի ավելի քան 300 մարզիկներ:

Մեր երկրի մարզիկների մասնակցությունն այս մրցաշարին հնարավոր եղավ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի ջանքերի և Նիժնի Նովգորոդի հայ համայնքի աջակցության շնորհիվ:

Ըստ ՀՍՀԱՖ-ի` այս մրցաշարում մեր լողորդների գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել այս տարվա հուլիսին Բեռլինում կայանալիք պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնությանը: